Քաղաքական և քաղաքացիական ուժերը պետք է համատեղ ջանքերով հասնեն Հայաստանում իշխանափոխության, այսօր լրագրողներին հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, միայնակ հասնել այդ նպատակին չի հաջողվի, հետևաբար`քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերը պետք է իրենց հավակնություններից վեր դասեն հայ հասարակության ու պետության շահերը և համատեղ պայքար սկսեն: ՙՀայաստանը գտնվում է կեղծիքի օկուպացիայի մեջ, ամենուր անօրինականություն է տիրում: Դա հասկանալի է. ոչ լեգիտիմ նախագահը չի կարող օրինական գործողություններ պահանջել իր ենթականերից՚,- հայտարարել է Հովհաննիսյանը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ դեռ բոլորովին վերջերս շատերն իրեն մեղադրում էին, որ ինքը շարունակում է հարգել գործող նախագահ Սարգսյանին: ՙԱյժմ ես հարգանքով ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի առանց Սերժ Սարգսյանի, եթե մենք բարգավաճում և բարեփոխումներ ենք ցանկանում՚,- ընդգծել է նա:
Հովհաննիսյանը նաև նշել է, որ հանդես է գալիս ՙհրաշալի քառյակի՚ խորհրդարանական համագործակցության օգտին: ՙԱյդ համագործակցությունը կարող է զգալի արդյունքների հանգեցնել, և, բնականաբար, այն պետք է շարունակվի՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ կուսակցությունների առաջարկած 12 կետերը կոմպրոմիսային են, և եթե միայն ՙԺառանգության՚ առաջարկները լինեին, դրանք 120 կլինեին: Այս համատեքստում նա նաև նշել է, որ ՙԺառանգությունը՚ կառավարող ռեժիմին ժամանակ չէր տա մինչև աշուն, և արդեն հիմա սահմանադրական իշխանափոխության գործընթաց կսկսեր: ՙԲայց քանի որ այդ ժամկետներն արդեն նշանակվել են, սպասեք թեժ աշուն և ՙարտահերթ՚ հանրահավաքներ՚,- հայտարարել է նա: