ՀՀ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր, Մաշտոցի պուրակում կազմակերպված լսումների ընթացքում ՙՎճարենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստներին կոչ է արել միավորվել և համատեղ ջանքերով սկսել արդարացի պայքարը:
Նրա խոսքերով, երբ Երևանի քաղաքապետարանը բարձրրացրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձերի սակագները, Հանրային խորհուրդն ակտիվ նամակագրության մեջ էր քաղաքապետարանի հետ և փորձեց ազդել ընդունված որոշման վրա: ՙՄեր աշխատանքը տեսանելի չէր, բայց արդյունքներն ակնհայտ են: Մենք իշխանություններին և հասարակոթյանը կապող մի օղակ ենք, հետևաբար, առաջարկում ենք ձեզ սկսել համագործակցությունը և հասնել ավելի զգալի արդյունքների՚,-ասել է Մանուկյանը:
Միևնույն ժամանակ, նա համաձայն չէ որոշ հեռուստաալիքների ներկայացուցիչներին հալածելու ակտիվիստների որոշման, ինչպես նաև կոպիտ դրսևորումների հետ: ՙՄեր նպատակն արդարացի է, և մենք պետք է դրան հասնենք օրինական ճանապարհով՚,-հայտարարել է Մանուկյանը:
Նշենք սակայն, որ Մանուկյանի ելույթն ուղեկցվում էր ակտիվիստների աղմուկով ու բացականչություններով, որոնց զգալի մասը հայտարարում էր, որ չի վստահում Խորհրդին և նրանց չի էլ հետաքրքրում այդ կառույցի կարծիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը 50%-ով բարձրացրեց ուղեվարձը, սակայն բողոքի ակցիաների ճնշման ներքո կասեցրեց իր այդ որոշումը: Բայց դա չբավարարեց ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստներին, և այժմ նրանք պահանջում են տրանսպորտային վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանի և ՙԵրևանտրանս՚ ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանի հրաժարակաները: Ակտիվիստները պահանջում են նաև ստեղծել միասնական տրանսպորտային մոդել: