Թուրքիայի հետ ամենահիանալի նախագիծը նույնիսկ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա չի ազդի`մեկ պարզ պատճառով. Հարավային Կովկասը և Հյուսիսային Կովկասն անվտանգության հաղորդակից անոթներ են: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գրիգորի Տիշչենկոն`առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙՌուսաստանի և Թուրքիայի անսպասելի քայլերն ամենից առաջ տնտեսական և առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու փորձ է`կապված եվրոպական ուղղությամբ ՌԴ նկատմամբ խտրականության հետ: Հազիվ թե դա վերափոխվի Թուրքիայի հետ ինչ-որ խոշոր քաղաքական նախագծերի: Անկարա Պուտինի հաջող այցն ինչ-որ չափով ռուս-հայկական ռազմավարական համագործակցության ամրապնդման հետևանք է: Թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան այժմ ռազմական առումով փաստորեն ՙզրոյական խնդիրներ՚ ունի Հայաստանի հետ, ինչի մասին միշտ երազել է`հարավ-արևելքում և արևելքում ունեցած իր խնդիրների պայմաններում՚,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով, Անկարան ընդհանրապես չի հիշել Հայաստանի մասին Մոսկվայի հետ բանակցություններում: ՙԹուրքերին անհրաժեշտ են մեր շուկաները, մեր գազային տարանցումը, Սև ծովում Ռուսաստանի հետ կոնդոմինիումը`առանց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, բայց ոչ մի կերպ Հայաստանը: Լավագույն դեպքում խոսքը կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին այդ թեմայի խլացմանը՚,-նշել է Տիշչենկոն:
Փորձագետի խոսքով, հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմական անվտանգությունը սարսափելի վիճակում է գտնվում`Սիրիա, քրդեր, Իրաք, Իրան, Իսլամական պետության գրոհայիններ` այս ուղղություններից որևէ մեկով Ռուսաստանը Թուրքիայի հետ ակտիվորեն չի համագործակցի: Ռազմաքաղաքական համագործակցության ոլորտը կսահմանափակվի Սև ծովի ջրատարածքով: