«Հետաքննությունը»,
որը Սումգայիթի հայկական ջարդերի վերաբերյալ վարել
էր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, նոր ստի է
բերել հայերի կոտորածների վերաբերյալ: Ադրբեջանական սուտ տարածողների շարքն այս
անգամ համալրեց Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը:
Համաձայն լրացուցիչ
«հետաքննության» արդյունքների, «պարզվել է», որ մինչև կոտորածը Սումքայիթում բնակվող
ավելի քան 100 ապահովված հայկական ընտանիքներ իրենց հաշիվները փակել են
խնայդրամարկղներում և լքել քաղաքը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ
հետաքննությունը հաստատել է, որ Սումգայիթում ապրող հայերի մեծամասնությունն
իմացել է սպասվող կոտորածների մասին: Ավելին, այդ օրերին հայերն ինտենսիվ կարգով
միջազգային հեռախոսազանգեր էին կատարում:
«Ավելին,
Սումգայիթում զոհված 4 ադրբեջանցիների արդեն փակված քրեական գործով կատարված
լրացուցիչ հետաքննության արդյունքում մեր կողմից ապացուցվել է, որ ավտոբուսի հայ
վարորդը միտումնավոր կերպով վրաերթի է ենթարկել մայթին գտնվող 4 ադրբեջանցի
հետիոտներին: Իսկ հետաքննությունը վարող ռուսները դա ներկայացրել են որպես
տուժողների կողմից կատարված հանցանք: Ներկայումս այդ միջադեպի կապակցությամբ
շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները»,-հայտարարել է Ուսուբովը: