ՀՀ Խորհրդարանն իր գնահատականը կտա ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուսական սահմանապահների միջև Սյունիքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին կայացած Խորհրդարանի նիստում ՀԱԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմել է խորհրդարանի խոսնակին, որ տեղյա՞կ է արդյոք նա այդ միջադեպի մասին, դիմե՞լ է արդյոք ռուսական սահմանապահներին, պահանջելով պարզաբանել, թե ինչի՞ հիման վրա ՙռուսական սահմանապահները և ՖՍԲ-ի համազգեստով անձինք անձնագրային անցակետ են հաստատել Հայաստանի տարածքում, խոչընդոտելով Հայաստանի քաղաքացիների և պատգամավորի ազատ տեղաշարժը, ձեռնարկելով քայլեր, որոնց իրավունքն ունեն միայն ՀՀ իրավապահ մարմինները՚: Նա ընդգծել է, որ ռուսական զահմանապահների ղեկավարության հայտարարություններում կան վիրավորական և անընդունելի շեշտադրումներ, հայ պատգամավորին անվանելով ՙարևմտամետ՚: Նա ընդգծել է, որ նման պիտակներ ոչ ոք իրավունք չունի փակցնել Հայաստանի քաղաքացիներին, հատկապես օտարերկրյա ծառայությունների աշխատակիցները: Փաշինյանը նշել է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի պետական սահմանից բավականին հեռու վայրում: Այս կապապցությամբ նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի տարածքի չափերը, որ սահմանը մոտ է ցանկացած բնակավայրի, հետևաար, քաղաքացիները կարող են բախվել մի իրավիճակի հետ, երբ ռուսական սահմանապահների և հատուկ ծառայությունների հատուկ օպերացիաները կսկսեն իրականացվել նույնիսկ Երևանում: Ընդգծելով, որ ռուսական սահմանապահաներն առանց Հայաստանի իրավապահների իրավունք չունեն իրականացնել նման գործողություններ, Փաշինյանն ընդգծել է, որ պատգամավորի իր լիազորությունների շրջանակներում ինքը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը:
Իր հերթին, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ միջադեպի հաջորդ օրն ինքը հեռախոսով խոսել է Փոստանջյանի հետ, պայմանավորվելով հանդիպել շաբաթ օրը` մանրամասներին ծանոթանալու համար: Սակայն հանդիպումը չի կայացել պատգամավորի զբաղվածության պատճառով: Նա ընդգծել է, որ այսօր առավոտյան պարզաբանումներ է ստացել ռուսական սահմանապահ զորքերի ղեկավարությունից, սակայն առայժմ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրա բովանդակությանը: Խոսնակը տեղեկացրել է, որ ծանոթանալուց հետո խորհրդարանը հանդես կգա միջադեպի գնահատման վերաբերյալ հայտարարությամբ: