Առանց ռուսական
ռազմակայանի Հայաստանի կարևորությունը շատ ավելի կմեծանար` որպես աշխարհաքաղաքական
գործոն: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Ոչ ոք ինձ չի կարող ապացուցել, որ Հայաստանում ռուսական
ռազմակայանը, իրոք, հզորացնում է նրան, այլ ոչ թե խոսքով է ապահովում նրա
անվտանգությունը: Արժե հարց տալ. իսկ ինչու՞ է հսկայական Ռուսաստանին,
ընդհանրապես, հարկավոր Հայաստանի փոքր տարածքը: Միթե՞ Ռուսաստանն այլ տարածքներ
չունի իր զորքերը տեղակայելու համար: Կարծում եմ, ռազմակայանն ամենից շատ հարկավոր
է հենց Ռուսաստանին` իր ներկայությունը
Հարավային Կովկասում ապահովելու համար: Եվ, հետևաբար, Ռուսաստանի կախվածությունը
Հայաստանից ամենևին պակաս չէ` քան
հակառակը, եթե չասենք` ավելին է», -
կարծում է փորձագետը: Նա նաև ընդգծել է, որ նախորդ դարի 90-ականների սկզբին անկախ
Հայաստանի իշխանությունները սխալ որոշում են կայացրել` Մոսկվայի հետ համաձայնագիր ստորագրելով և նրա
զորքերը մեզ մոտ տեղակայելով:
Նրա ասելով, Հայաստանը ջախջախեց Ադրբեջանի բանակը, այն
իրենից ոչ մի վտանգ չէր ներկայացնում, և, համապատասխանաբար, ռուսական ռազմակայանի
անհրաժեշտություն չկար: «Երբ ռազմավարական դաշնակիցը հեռու է, ապա նա իրոք
դաշնակից է, իսկ երբ նրա զինված ստորաբաժանումները տեղակայվում են քո երկրի տարածքում,
ապա այդ հարաբերությունների բովանդակությունը, դրանց որակը կտրուկ փոխվում են», -
նշել է Սարգսյանը: Նա համոզված է, որ առանց ռուսական ռազմակայանի և Մոսկվայից
Հայաստանի միակողմանի կախվածության` ռազմատեխնիկական համագործակցության առումով,
Երևանը կդառնար ավելի գրավիչ գործընկեր միջազգային ասպարեզում: «Մենք անպատճառ
կգտնեինք այլընտրանք ռուսական ռազմական արտադրանքին, բազմաթիվ երկրներ Հայաստանին
կխնդրեին իրենցից զենք գնել», - ամփոփել է Սարգսյանը: