Եվրամիությունը մտադիր է շարունակել Հայաստանում
բարեփոխումների իրականացումը, դա չափազանց կարևոր է ԵՄ համար, լրագրողներին
հայտարարել է Երևանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Նա նաև նշել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե
Վիլնյուսի գագաթնաժողովը Հայաստանին ոչինչ չտվեց: «Նայեք ընդհանուր
հայտարարությունը, որը կազմված է 54 կետից, Էդվարդ Նալբանդյանի և Քեթրին Էշթոնի
համատեղ հայտարարությունը, որում արձանագրված են վերջին մի քանի տարում ձեռք
բերված բոլոր պայմանավորվածությունները: Այնպես որ, խոսել այն մասին, թե ոչինչ
ձեռք չի բերվել, պարզապես, ճիշտ չէ», - նշել է լիտվացի դիվանագետը:
Պետրիկասը նաև հերքել է այն կարծիքը, թե ԵՄ կդադարեցնի
ֆինանսական ծրագրերի իրագորրծումը Հայաստանում: Նրա ասելով, կազմակերպությունը
բազմիցս ընդգծել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների ծրագրերի
իրականացման գործում, և արդեն նախանշված են ուղղությունները, որոնցում նախատեսվում
է դրանց իրագործումը: «Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է, հետո կլինի Ռիգան,
դա վերջը չէ», - նշել է նա: Նա նաև դժվարացել է որոշակիացնել հետագա
համագործակցության ուղղությունները, քանի որ, դեսպանի ասելով, այժմ ընթանում են
գործընթացներ, այդ թվում` Ուկրաինայում, որոնք չի կարելի է կանխագուշակել, և
առայժմ չի կարելի հստակ ասել, թե ինչպես կընթանա փոխգործակցությունը հետագայում: