Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։ Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. ՙՇատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու՚։ Մարտին Քալանան, իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշել է.ՙՍարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն՚։