Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիայի և Հաղորդակցության ոլորտի հայ-հնդկական գործարար համաժողով, որը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը:
Տեղի ունեցավ պլենարիում, որտեղ հանդես ելույթներով հանդես եկան ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Հայաստան-Հնդկաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ պարոն Սերգեյ Մանասերյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան պարոն Սուրեշ Բաբուն, Հնդկաստանում ՀՀ դեսպան պարոն Արա Հակոբյանը, Էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի գործադիր տնօրեն պարոն Վիկրանտ Սարինը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն պարոն Բագրատ Ենգիբարյանը:
Ներկայացվեց Հայաստանի ներդրումային միջավայրի ինչպես նաև ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերաբերյալ շնորհանդես: Հնդկաստանից այցելել են 10 ՏՏ ոլորտի ընկերություններ: Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել բիզնես հնարավորությունները տեղեկատվական և կապի ասպարեզում: Տեղի ունեցան անհատական հանդիպումներ: Այցելություն իրականացվեց Ազատ տնտեսական գոտի, որտեղ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության միջև:
Հայաստան է ժամանել Հնդկաստանի գործարարների պատվիրակության կազմը՝ Հնդկաստանի էլեկտրոնիկայի և համակարգչային ծրագրերի արտահանման խթանման խորհրդի անդամներով:
«Հնդկական պատվիրակության կողմից մեզ համագործակցություն
առաջարկվեց շարժական բժշկության ոլորտում: Ընկերությունները, որոնք կզբաղվեն այդ
գործունեությամբ, Հնդկաստանի կողմից արդեն հաստատված են: Մեր կողմից նախագծին
կներգրավվի Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև տեղական մեկ
ընկերություն: Կարծում եմ, որ շաբաթվա ընթացքում անպայման կստորագրենք պայմանագիրը
և պատրաստ կլինենք համագործակցությանը»,-նշել է ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ
Մանասերյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն պարոն Բագրատ Ենգիբարյանն էլ իր հերթին
նշել է, որ շարժական տեխնոլոգիաները Հայաստանում բուռն կերպով զարգանում են և
հաջողությունները նկատելի են: «Քանի որ մեր ՏՏ ոլորտի արտադրանքի մեծ մասն
արտահանվում է, ապա մենք պետք է կողմորոշվենք ըստ արտասահմանյան շուկայի և մեր
արտասահմանյան գործընկերների մենտալիտետով»: Նա նշել է, որ երկու երկրների ՏՏ
ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը կարող է փոխլրացնել միմյանց, քանի
որ հնդկական ապրանքների կողմոնոշումը դեպի զանգվածային պահանջարկն է (B2C), իսկ
հայկականը` դեպի բիզնես-սպառումը (B2B):
Ենգիբարյանը նշել է նաև, որ Հայաստանի կառավարությունը
դիմել է Հնդկաստանին, խնդրելով նորացնել հնդկական արտադրության Param
սուպերհամակարգիչը, ինչն անհրաժեշտ է ավելի լուրջ և ծավալուն խնդիրների համար:
Հնդկաստանի ՏՏ և հաղորդակցության ոլորտի արտահանումը Հայաստան
2012-13թթ. կազմել է 3.10մլն ԱՄՆ դոլար, այդ թվում 2.79մլն ԱՄՆ դոլար արտահանումը բաժին է ընկնում էլեկտրոնիկային, մնացածը՝ համակարգչային ծրագրավորմանը և ծառայություններին: 2012թ.-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 70.7մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 1.2մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 69.5մլն ԱՄՆ դոլար: Հիմնական արտահանվող ապրանքներն են` մարգարիտներ, թանկարժեք քարեր, մետաղներ, միջուկային ռեակտորներ, մեքենաշինություն: Հիմնական ներմուծվող ապրանքներն են՝ միս, մսամթերք, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դեղագործական ապրանքներ, պլաստմասե իրեր, թանկարժեք քարեր, մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, հեռահաղորդակցության սարքավորումներ, երկաթ և այլն:
Հիշեցնենք,
որ Հայաստանում գործում են ՏՏ ոլորտի 360 այդ թվում 170 օտարերկրյա ընկերություն, 9300 ՏՏ մասնագետ: Հայաստանը արձանագրել է էական նվաճումներ մասնավորապես կիսահաղորդիչների նախագծման և մտավոր սեփականության հարակից օբյեկտների ստեղծման ոլորտում: