Եթե պարզվի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը գերմանացի է, իմ մականվան հետ դա ոչ մի առնչություն չի ունենա: Այդ մասին հոկտեմբերի 30-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (ՙՆեմեց Ռուբո՚):
Նա հաղորդել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարված Վարդան Մինասյանն իրեն խորհուրդ է տվել հրավիրել իսպանացի կամ իտալացի մարզչի` ելնելով ֆուտբոլային ոճի նմանությունից, հոգեկերտվածքով մեզ մոտ լինելու հանգամանքինց: ՙՍակայն առայժմ վերջնական որոշում չի կայացվել, և գլխավոր մարզիչը կարող է լինել ինչպես իտալացի կամ իսպանացի, այնպես էլ արգենտինացի կամ գերմանացի: Այժմ մենք բանակցություններ ենք վարում մի քանի մասնագետների հետ, սակայն ժամանակից շուտ այդ մասին խոսել չէի ցանկանա: Հենց որ բանակցություններն ավարտվեն, ՀՖՖ անմիջապես կհրապարակի մեր հավաքականի մարզչի անունը՚, - հաղորդել է Հայրապետյանը, ով անձամբ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում շատ կցանկանար տեսնել հավաքականի նախկին խաղացող, ֆրանսիական ՙՆանտի՚ մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին: ՀՖՖ նախագահի հավաստմամբ, ինքն անձամբ դիմել է Տեր-Զաքարյանին նման առաջարկով` Վարդան Մինասյանի հրաժարականից անմիջապես հետո, սակայն Տեր-Զաքարյանը հրաժարվել է` ՙՆանտի՚ հետ գործող պայմանագրի պատճառով: Մեկ ուրիշ հայ մասնագետի այդ պաշտոնում ՀՖՖ նախագահը չի տեսնում:
ՙԱմենասկզբից ես անձամբ դեմ էի Վարդան Մինասյանի հեռանալուն, սակայն չկարողացա նրան համոզել շարունակել աշխատանքն ազգային հավաքականի հետ՚, - ասել է ՀՖՖ նախագահը` մեծ ափսոսանք է հայտնելով Վարդան Մինասյանի հեռանալու առնչությամբ: ՙ100 տոկոսով համոզված եմ, որ նա ունի միջազգային և եվրոպական կարգի մարզիչներին բնորոշ բոլոր որակները: Այժմ Հայաստանը FIFA աղյուսակի 38-րդ տեղում է, իսկ որտե՞ղ էինք մենք մինչև Մինասյանի գալը՚, - հայտարարել է Հայրապետյանը: