ՀՀ Ազգային ժողովը կարող է և պետք է վերջ դնի Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտին, ամենաթողությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի արտահերթ նստաշրջանի բացմանը պահանջել են հիմնական օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ քննարկել ու գնահատական տալ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Խորհրդարանական մեծամասնությունն այդ պահանջը մերժել է, միաժամանակ այդ հարցի շուրջ արտահերթ նիստ գումարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հակոբյանի խոսքով, չնայած նիստի անցկացմանն իրենք համաձայն են, այնուամենայնիվ, գտնում են, որ այդ հարցը հարկավոր էր քննարկել մինչև հիմնական օրակարգին անցնելը:
ՙԽորհրդարանն, իհարկե, դատավորի դեր չի ստանձնում, բայց ունենալով ժողովրդի մանդատը`մենք պետք է մեր հստակ դիրքորշումը հայտնենք՚,- ասել է Հակոբյանը: Պատասխանելով այն հարցին, թե ում ձեռագիրն է տեսնում ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելու գործում, Հակոբյանը նշել է, որ անմեղության կանխավարկածի կողմնակից է և այդ առնչությամբ վաղաժամ հայտարարություններ անել չի ցանկանում:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ ներկայացուցիչներն այդ միջադեպի համար մեղադրել էին իշխանություններին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանին, ով ներկայումս արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդն է: Սակայն, Մովսիսյանը հերքում է դա ու երդվում, որ որևէ առնչություն չունի Մանուկյանի վրա հարձակման հետ: