Հայաստանում իրավիճակի վերաբերյալ Պետդեպարտամենտի գնահատականները լիովին համապատասխանում են իրականությանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ավելին, նա գտնում է, որ Պետդեպարտամենտը փոքր-ինչ մեղմ գնահատական է տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում ակնհայտորեն չափազանց բարձր է, և նույնիսկ կառավարության նախաձեռնությամբ անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիները կոռուպցիան համարում են երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը:
ՙՄարդիկ, ովքեր փակուղում են հայտնվել, չգիտեն, թե ինչպես հանապազօրյա հաց վաստակեն, առաջին հերթին մատնանշում են կառուպցիան: Սա, իրոք, ողբերգություն է: Ես համաձայն եմ նաև այն բանին, որ հասարակությունն այսօր կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորություն չունի: Տեսնում ենք, թե ինչ կոշտ ճնշում են գործադրում իշխանությունները կենսաթոշակային բարեփոխման հակառակորդների վրա, ահաբեկում գործատուներին և անտեսում Սահմանադրական դատարանի որոշումը՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանի մասով, մասնավորապես, շեշտը դրվում է կոռուպցիայի, կառավարության ոչ թափանցիկ գործունեության, ինչպես նաև դատական համակարգի ոչ բավարար անկախության խնդիրների վրա: