Սևանում Իշխանի պահուստների համալրման և ձկնաբուծության
զարգացման ծրագիրը չի առաջացրել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի
անհանգստությունը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նախարարը նշել է, որ
ծրագիրն ունի կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն, քանի որ նախատեսում է նոր
աշխատատեղերի ստեղծում: Հարությունյանը չի բաժանել բնապահպանների այն
մտավախությունները, որ անմիջապես լիճ կգցվի մի քանի հազար տոննա արհեստական կեր:
Ինչպես հավաստել է նախարարը, կիրականացվի այդ կերի մանրազնին հետազոտություն, ինչը
բացառում է բացասական ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա: Այսպիսով, ինչպես
ընդգծել է նախարարը, ծրագրի առումով անհանգստանալու պատճառներ չկան:
Նշված ծրագրով նախատեսվում է ստեղծել ինկուբատոր,
մանրաձկնային տնտեսություն, ինչպես նաև ձկան վերամշակման գործարան: Արտադրանքը
(սառեցված ձուկը, պահածոները, ապխտած ֆիլեն) հիմնականում կարտահանվի: Ըստ
բնապահպանների տեղեկությունների, «Էմի Ֆրուտ» ընկերությունն ավարտել է պիլոտային
նախագիծը և շուտով իր հաշվարկները կներկայացնի կառավարությանը:
Ավելի վաղ
«ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը նշել էր, որ, համաձայն նախագծի,
արհեստական կերով կերակրվող Իշխանի թվաքանակը նախատեսվում է մինչև 2023 թվականը
հասցնել 50 հազ.տոննայի: Բնապահպանների մոտ տագնապ է առաջացնում այն հանգամանքը,
որ Սևանա լիճ կգցվի 50 հազ.տոննա արհեստական կեր, ինչը հսկայական թիվ է: Ընդ
որում, եթե 2015 թվականին լճում կդրվի ձկների համար նախատեսվող 4 ցանցավանդակ, ապա
2019 թվականին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 74-ի: Ինչպես նշել է Զառաֆյանը,
նման մասշտաբների պայմաններում անհնար կլինի իրականացնել Իշխանի աճեցման որակյալ
մոնիտորինգ: