Ելիսեյան պալատը պատասխանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման առնչությամբ ՙԱրմենիա՚ ֆրանս-հայկական ասոցիացիայի հանրագրին:
Ինչպես գրում է ՙNouvelles d'Armenie՚-ն, մի քանի ամիս սպասելուց հետո հուլիսի 23-ին ՙԱրմենիա՚ ասոցիացիան պատասխան է ստացել Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Իզաբել Սիմայից, որում, մասնավորապես, ասված է. ՙ2001 թ. հունվարի 29-ի օրենքի ընդունմամբ Ֆրանսիան ճանաչեց հայ ժողովրդի նկատմամբ իրականացված արարքների ծանրությունը: Ինչպես 2013թ. ապրիլի 24-ին նշել էր կրթության նախարար Վենսեն Պեյոնը, երկրի նախագահի կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան` կառավարությունը ցանկանում է Սահմանադրությունում ամրագրված սկզբունքներին չհակասող իրավական հիմքեր գտնել, որպեսզի ոչ ոք չկարողանա անպատիժ ժխտել հայ ժողովրդի ցավը և վիճարկել այն, ինչ տեղի է ունեցել՚,- նշվում է նամակում:
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ՙԱրմենիա՚ ասոցիացիան դիմում-բողոքի արշավ էր կազմակերպել`պահանջելով, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի մասով իր խոստումները: Մի քանի հարյուր մարդու կողմից ստորագրված հանրագիրը Ելիսեյան պալատ էր ուղարկվել ապրիլի 24-ին: