Կայսերական
Ռուսաստանի ժամանակներից ի վեր Հայաստանը
հիմնական ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական սահման է, ուստի Ռուսաստանի
հզորացումը երկրի ռազմաքաղաքական հզորության օրինաչափ արդյունք է: Սակայն այստեղ
կարևոր է մեկ առանցքային պահ. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ
դաշնակիցներից մեկի հզորացումն ամրապնդում է մյուսի դիրքերը: Այդպիսի կարծիք է
հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող
Արթուր Աթաևը` առցանց հարցազրույցի շրջանակում պատասխանելով Հայաստանում ՌԴ
ռազմական ներկայության ամրապնդմանն առնչվող ԱրմԻնֆոյի հրացին:
«Ստեղծված աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական
հանգամանքների պայմաններում Ղարաբաղի շուրջ առկա իրադրության պահպանումն արդեն մեծ
հաջողություն է: Այո, դա կայուն անկայունության վիճակ է, սակայն առայժմ այլ ելք
չկա: Եվ առայժմ ինչ-որ ժամանակ դա պահպանելու համար կարկավոր է Մոսկվայի դիրքորոշումը:
Եվ այն կա: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը, անպայման, Հայաստանում
Ռուսաստանի դիրքերն ամրապնդող գործոն է, և նշեմ` Ռուսաստանում Հայաստանի դիրքերն
ամրապնդող գործոն: Այդ պատճառով, այստեղ առկա է
բացառապես փոխշահավետ համագործակցություն», - նշել է փորձագետը:
Միևնույն ժամանակ Աթաևը նշել է Մաքսային միությանն
Ադրբեջանի անդամակցության օբյեկտիվ նախադրյալնեիր առկայությունը` հաշվի առնելով
Ռուսաստանի հետ այդ երկրի հաստատուն առևտրատնտեսական հարաբերությունները:
Փորձագետն ընդսմին ընդգծել է, որ այդ միությանը Բաքվի անդամակցության խնդիրն այն
է, որ ածխաջրածինների վաճառքի հաշվին Հարավային Կովկասի այդ պետությունը դարձել է
կայուն տնտեսական աճ ապահովող տարածք: Համապատասխանաբար, եթե Ադրբեջանը նույնիսկ
ինտենսիֆիկացնի այդ բանակցային գործընթացը, ապա ՄՄ-ին նրա մասնակցությունը
թելադրված կլինի առավելապես քաղաքական բաղադրիչով: «Այն պայմաններում, երբ ՄՄ
դառնում է հրապուրիչ անդրպետական նախագիծ, դա միանգամայն իրատեսական է: Եթե
Թուրքիան և Հնդկաստանը հայտարարում են այդ մասին, ապա ինչու Ադրբեջանը չի կարող»,
- ամփոփել է Աթաևը:
Հայաստանի
և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար
փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց
վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության
հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: