Վերլուծելով Արցախի շուրջ առաջացած ներկայիս իրավիճակը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այսպես կոչված «Նոր մադրիդյան» անփառունակ համաձայնագրի կետերի մասին, վերջերս Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվելու հանգամանքը և մի շարք այլ կարևոր փաստեր, ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ Արցախի ապագան խիստ վտանգված է, և այն չեզոքացնելու համար պետք է հնարավորինս արագ սկսել Արցախը Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման գործընթացը: Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարության տեքստում:
«Արցախի շուրջ համանման որոշումներ արդեն ընդունվել են 1988-1990-ական թվականներին, որոնք, սակայն, շարունակություն չեն ունեցել և չեն հասցվել արդյունքի: Հարկ է նշել, որ այդ որոշումների հիման վրա Արցախը դուրս է եկել Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և դարձել է անկախ հանրապետություն, որի անկախությունը ցավոք մինչ այսօր չի հաստատվել այլ երկրների կողմից: Այսօր հրատապ պահանջ է առաջացել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում` Արցախը Հայաստանի հետ միանալու օրենքի նախագծի քննարկումն ու հաստատաումը, քանի որ Արցախը դեֆակտո տնտեսական և քաղաքական ողջ թելերով կապված է Հայաստանի հետ, ու այդ միավորմանը դեյուրե հաստատում տալու ժամանակը վաղուց արդեն հասունացել է: Վերջին տարիների միջազգային զարգացումներն` ազգերի ինքնորոշման սկզբունքի և ժողովրդավարության ժամանակակից ընկալումների բարձր աստիճանի ձևավորումը, միջազգային քաղաքական արենայում վաղուց ստեղծել են նոր իրավիճակ, ըստ որի՝ տվյալ տարածաշրջանի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպես է իր անվտանգությունն ապահովելու ու ինչ կարգավիճակում է ինքը գոյատևելու, հետևաբար և տարածքային անբողջականության սկզբունքը պետք է լինի ածանցյալ ազգերի ինքնորոշման խնդրին: ՀՀ իշխանությունները չեն ընկալել և ընկալում վերն ասվածն, ու հատկապես ՀՀ ԱԳ նախարարությունն իր բացառիկ պասիվ և անգործունյա վարքով չի նպաստել ու նպաստում հայ ազգի համար կարևորագույն հանդիսացող այս խնդրի լուծմանը: Հենց այս պատճառով ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ նախաձեռնությամբ պետք է հանդես գան Արցախի իշխանությունները և օր առաջ որոշում ընդունեն` դիմեն ՀՀ ԱԺ-ին Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: ԵՀՄՖ նախագահությունը գտնում է, որ այս խնդրի իրականացման համար պետք է միավորվեն արտերկրի բոլոր հայկական կառույցները և հայամետ օտարերկրյա լոբբիստական կազմակերպությունները` հաշված օրերի ընթացքում հարցի լուծումն ապահովվելու համար: Մենք կարծում ենք, որ պատմական անհրաժեշտություն է այսօր Արցախի ԱԺ-ի արտահերթ լիագումար նիստի հրատապ հրավիրումը և Հայաստանին միավորվելուն ուղղված դիմումի քննարկումը: ԵՀՄՖ-ի նախագահությունը կարծում է, որ նման հրատապ քայլ կատարելով` մենք կկարողանանք մոտակա ամիսներին Արցախի անվտանգության հարցում սպասվող խիստ վտանգավոր զարգացումները կանխել ու հարցին տրամաբանական լուծում տալ: Հարցի լուծման
ուշացումը հղի է մեծ վտանգներով. ազատագրված տարածքների և ընդհուպ Արցախի
կորուստով: Հուսով ենք, որ ասվածի ողջամտությունն ընկալելի կլինի և Արցախի, և Հայաստանի, և ողջ աշխարհի հայության համար, հետևաբար հավատում ենք հարցի արագընթաց լուծման ապագային», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք,
որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնում իր զեկույցում, մասնավորապես, նշել էր, թե հակամարտության կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` փոխհամաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Ղարաբաղում: «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում գտնվող տարածքում Լեռնային Ղարաբաղին պետք է տրվի միջանկյալ կարգավիճակ, որը, առնվազն, ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Պետք է լինի նաև միջանցք, որը կապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Բացի այդ, տևական կարգավորման համար պետք է ճանաչվի բոլոր տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ, վերջապես, կարգավորումը պետք է ապահովի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ», - ասել էր համանախագահը: