Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի գրասենյակը միացել է «Ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների» շարժմանը, որը հանդես է գալիս
պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: Այդ մասին հաղորդում
է ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից:
Ակցիայի մասնակիցները
խորհրդարանի շենքի մոտ պիկետից հետո երթ էին կազմակերպել դեպի օմբուդսմենի
գրասենյակ, որտեղ նրանց ընդառաջ են եկել գրասենյակի ներկայացուցիչները և հաղորդել,
որ այժմ իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են օրենքը, դրա թերությունները`
Սահմանադրական դատարան համակողմանի հիմնավորված հայց ներկայացնելու նպատակով: «Հակառակ
դեպքում կա մտավախություն, որ դատարանն այն կմերժի, պատճառաբանելով, թե
հիմնավորված չէ` եթե պատշաճ կերպով
ձևակերպված չլինի», - նշել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի
ներկայացուցիչը: Ակտիվիստներն իրենց հերթին օմբուդսմենի գրասենյակից պահանջել են
վճռական գործողություններ` ամենասեղմ
ժամկետում ՍԴ ներկայացվելիք հայցը նախապատրաստելու համար: Օմբուդսմենի
գրասենյակից ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք:
Մինչ այդ ակտիվիստները
պիկետ էին կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ: Նրանց հետ հանդիպել էին ընդդիմադիր
4 խմբակցությունների ներկայացուցիչները և հայտնել իրենց զորակցությունը:
Պատգամավորներն ակտիվիստներին հայտարարել էին, որ մտադիր են դիմել Սահմանադրական
դատարան` պահանջելով վիճարկել պարտադիր
կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքը:
Ինչպես արդեն հաղորդվել է,
ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում խորհրդարանական մեծամասնությունը 45 «կողմ» և 54
«դեմ» ձայներով մերժել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն
առնվազն մեկ տարով հետաձգելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը ներկայացրել էին
ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները: