Ավետիք Բուդաղյանի մահվան համար մեղավորները և նրանք, ովքեր
խոստացել էին նրանց պատասխանատվությունից ազատել, իրենց հաշիվների մեջ խորապես
կսխալվեն, քանի որ մենք ոչ մի դեպքում մտադիր չենք բավարարվել թատերական
ներկայացման արդյունքով, որը մեզ բոլորիս ցուցադրվել է նախաքննության տեսքով: Այդ
մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է տուժած կողմի իրավահաջորդ Էմիլ
Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Հենց այդ պատճառով մենք
պնդեցինք Արտակ Բուդաղյանի գործի դատարան հանձնումը: Մենք շատ հեշտությամբ կարող
էինք հասնել այդ գործի կարճման, քանի որ հակառակ կողմի ներկայացուցիչները
պատրաստակամություն էին հայտնել հետ վերցնել բողոքը: Կամ էլ նրա նկատմամբ կարող էր
կիրառվել համաներում: Սակայն մենք հրաժարվեցինք բոլոր այդ առաջարկություններից,
քանի որ վճռականորեն մտադիր ենք հասնել Ավետիք Բուդաղյանի սպանության գործի
դատաքննության: Հաշվի առնելով, որ Ավետիք Բուդաղյանի մահվան համար իրական
մեղավորների նկատմամբ գործը կարճվել է, մենք մտադիր ենք հասնել արդարության և
դատավարության գոնե նրա եղբոր` Արտակի
նկատմամբ հարուցված գործի միջոցով», - հաղորդել է իրավաբանը: Ալումյանը նշել է, որ
վաղ թե ուշ Ավետիք Բուդաղյանի սպանության արդար
քննություն կանցկացվի, և մեղավորները կպատժվեն` չնայած Բուդաղյանների գործը
փակելու վերաբերյալ նրանց բոլոր խոստումներին: «Մենք, պարզապես, պարտավոր ենք
Արտակ Բուդաղյանի գործի քննության ընթացքում ցույց տալ, թե ով ով է այդ մութ
պատմությունում, որն այդպես ջանադրաբար ձգտում են կոծկել», - ընդգծել է Ալուլյանը:
Արտակ Բուդաղյանի հայրը`
Էմիլ Բուդաղյանն, իր հերթին ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ, հաշվի առնելով փոխադարձ
սերտ կապը Ավետիքի սպանության և Արտակ Բուդաղյանի նկատմամբ հարուցված գործերի
միջև, ընտանիքը ոչ մի դեպքում մտադիր չէ բավարարվել այդ գործի կարճմամբ:
Նշենք, որ գնդապետ Արտակ
Բուդաղյանի դեմ նրա եղբոր` Ավետիք Բուդաղյանի Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված
սպանության առնչությամբ հարուցված քրեական գործը հանձնվել է Գորիսի ընդհանոր
իրավասության մարզային դատարան: Արտակ Բուդաղյանի գործով դատավարությունը կանցկացվի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մետ հրաձգության
արդյունքում զոհվել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավետիք
Բուդաղյանը: Նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վիրավորումով
տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Գործով ձերբակալված Տիգրան Խաչատրյանի (Սուրիկ Խաչատրյանի որդին) և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Դրանից հետո Արտակ
Բուդաղյանին մեղադրանք էր ներկայացվել Խաչատրյանի տան վրա հարձակման համար: