Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙԳեոթիմ՚ ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյորի համաձայն այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի և Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը ներկայացրեցին մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի և Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Դեսպան Քեթրին Լիչը այցի ամփոփմանն ասել է.ՙԱնցյալ շաբաթ Մեծ ութնյակի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարևոր է, որ երկրները և ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ: Որպես Բրիտանիայիում տեղակայված ընկերություն, Լիդիան ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտնեցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: Մեզ համար կարևոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաև շրջակա համայնքների տեղեկացվածության և համայնքների համար ծրագրից դրական տնտեսական և սոցիալական օգուտների ապահովում՚:
Դեսպան Ջոն Հեֆֆերնն ասել է.ՙԼիդիան ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարևոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի և մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերական ընկերությունը կարող է գործել պատասխանատու՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան՚:
Նշենք, որ Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան ինթերնեյշնլի դուստր ձեռնարկությունն է: Լիդիանի ներդրողների շարքում են այնպիսի ճանաչված ներդրումային հաստատություններ, ինչպիսիք են Նյու-Յորքում տեղակայված Ամբեր կապիտալը (Amber Capital), Ֆըրսթ իգլ ինվեսթմենթ մենեջմենթը (First Eagle Investment Management), Ֆրենքլին թեմփլթոնը(Franklin Templeton) և Ինվեսկո Թրիմարկ Կանադան (Invesco Trimark Canada): Ընկերության խոշոր և երկարամյա ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, Համաշխարհային բանկի խմբի անդամ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Նրանք շարունակական հսկողության տակ են պահում Լիդիանի և Գեոթիմի աշխատանքը, հետևելով, որ ծրագիրն իրականացվի ՙԷկվատորյան չափանիշների՚ պահանջներին համահունչ և պահպանվեն դրանցով կառավարվող բնապահպանական և սոցիալական չափանիշները, որոնց պատրաստակամ են հետևել Լիդիանն ու Գեոթիմը: