Հայաստանում
ԱՄՆ դեսպանատունը նամակներ է տարածել հանրապետության գործարարների շրջանում` կոչ
անելով ձեռնպահ մնալ ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից, քանի որ
դա հղի է հեղինակության լրացուցիչ ռիսկերով: Այդ մասին հուլիսի 31-ին լրագրողներին
հայտարարել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն
Ղազարյանը:
Նրա ասելով, Ուկրաինայի իրադարձությունների
կապակցությամբ նման նամակներ են տարածվում աշխարհով մեկ: Ղազարյանը կոչ է արել
խուճապի չմատնվել: Նա չի կարծում, թե
հայկական ընկերությունները կարող են տուժել պատժամիջոցներից: «Ես չեմ կարծում,
թե այդ պատժամիջոցները կտարածվեն ռուսական բանկերի հայկական դուստրերի վրա, քանի
որ դրանք առանձին իրավաբանական անձինք են, որոնք շահույթ են ստանում և հարկեր են
վճարում Հայաստանում: Հայաստանի գործարար շրջանակներն իրենց ծրագրերը չեն
սառեցրել, մտահոգված չեն պատժամիջոցների առնչությամբ և շարունակում են աշխատել,
թեև մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ համաշխարհային հանրության
հարաբերությունների կարգավորմամբ», - ասել է Ղազարյանը:
ԱՄՆ
դեսպանության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում
ներառված ընկերություններին և անձանց
աջակցություն ցույց տալու դեպքում ԱՄՆ կառավարության պատժամիջոցների առարկա
կարող են դառնալ նաև «ոչ ռուսական ընկերությունները»: