Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել ՙԱզգային դեղեր-միջազգային որակ՚ խորագրի ներքո անցկացվող ՙՄարդու առողջությունը՚ տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող ՙԼիկվոր՚ դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Դա նշանակում է ՙԼիկվոր՚ դեղագործական ընկերության կողմից արտադրած դեղերի որակի նկատմամբ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
ՙԼիկվոր՚ ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը: Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը՝ ՊԱԳ հավաստագրի արժանանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: ՊԱԳ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: ՙԲիզնեսի զարգացման մեր ծրագրի միջոցով աջակցում ենք հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերությունների՝ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին՚,- ասել է Հիլիարդը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհավորել է ՙԼիկվոր՚-ին՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի մյուս դեղագործական ընկերությունները նույնպես կհասնեն այսպիսի հաջողությունների: Այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցող դեղագործական ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին: