«ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանին ուղղված նամակը, ըստ էության, Յունիբանկի անօրինական
գործողություններին հակադրելու իմ վերջին քայլն էր: Հուսով եմ, որ այս գործի
վերաբերյալ նախագահին ոչինչ հայտնի չէ, և նախագահին ուղղված այս բաց նամակն ինձ
կօգնի կարգազանցներին բերել կարգուկանոնի»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման
հայտարարությամբ է հանդես եկել «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի գլխավոր տնօրեն
Մանվել Տեր-Առաքելյանը:
Գործարարը տեղեկացրել է, որ իր ընկերությունն արդեն հինգ
տարի է, ինչ ներգրավված է բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ և չի կարողանում
ապացուցել, որ բանկը մի օր ինքնակամ կերպով իր հաշվից առգրավեց 32455 հազար դրամը
(105 հազ.դոլար), իսկ մի քանի օր անց իրեն մտցրեց «սև ցուցակի» մեջ: «Դրանից հետո
բանկն իմ ղեկավարած ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ հայտարարութուն
ներկայացրեց, որն արդեն 25 տարի է, ինչ գոյություն ունի: Ես ստիպված եմ արդեն
օգնության համար դիմել նախագահին, քանի որ երբ պայքարում ես քավորներ-սանիկների
սարդոստայնի դեմ, ապա միշտ էլ սխալ ես դուրս գալից»,-նշել է գործարարը:
Հոլդինգի ղեկավարը նշել է, որ վերջին դատական նիստում
իրեն զրկեցին նույնիսկ իր օգտին արտահայտվելու իրավունքից: «Դատական գործընթացում
Յունիբանկի ներկայացուցիչը հազար անգամ հնչեցրեց իմ անունը, իսկ ինձ գոնե մեկ
անգամ չհարցրին, թե «ճի՞շտ է արդյոք», «համաձա՞յն եք դրան»: Ներկայումս ես միայն
մի բան եմ պահանջում, որպեսզի «Հին Էրիվանի» գույքը գնահատվի օբյեկտիվորեն,
որպեսզի ես կարողանամ այն վաճառել ու մարել պարտքերը»,-ընդգծել է գործարարը: «Ես
ունեի 19 ռեստորան, որոնք ստիպված էի փակել, քանի որ արդեն 5 տարի ներգրավված եմ
դատական քաշքշուկների մեջ: Հիմա բազմաթիվ բիզնես-առաջարկներ ունեմ Եվրոպայից,
Ռուսաստանից ու կշարունակեմ աշխատել, բայց նման պայմաներում, երբ գործարարին թույլ
չեն տալիս զարգացնել բիզնեսը, ես այս երկրում ներդրումներ չեմ կարող անել»,-նշել է
Մ.Տեր-Առաքելյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների
եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2009
թվականի մայիսի 25-ին Յունիբանկի և «Հին Էրիվան» հոլդինգի միջև կնքվել է վարկային
պայմանագիր, որի համաձայն վարկի հիմնական գումարի և բանկային տոկոսների մարումը
պետք է սկսվեր 2 տարի հետո: Հոլդինգի սեփականատիրոջ խոսքով, բանկն էլեկտրոնային
փոստով հոլդինգի սեփականատիրոջն է ուղարկել գումարի մարման ժամանակացույցի երկու
տարբերակ: Դրանցից մեկով պարտքը պետք է փակվի համեմատաբար կարճ ժամկետներում
(ամսական վճարելով մոտ 44 մլն.դրամ), իսկ երկրորդ տարբերակով` համեմատաբար ավելի
երկար ժամկետում (ամսական մոտ 32 մլն.դրամ): Տեր-Առաքելյանն ընտրում է վարկի
մարման երկրորդ, երկարաժամկետ տարբերակը: Նույն օրը բանկի ներկայացուցչները բերում
են համաձայնագրի օրինակը: Տեր-Առաքելյանն ստորագրում է փաստաթուղթը, բայց ավելի
ուշ նկատում, որ իրեն սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետագայում բանկն էլ է
համոզվում, որ հաճախորդի ընտրած տարբերակը չի ուղարկել, և կրկին իր
ներկայացուցիչներին ուղարկել է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ, այս անգամ արդեն
համաձայնագրի երկրորդ տարբերակով, որը նա ստորագրում և կնքում է: Տեր-Առաքելյանը
գտնում է, որ փաստորեն կնքվել է երկու համաձայնագիր, բայց ուժի մեջ է միայն մեկը,
որն ստորագրվել է վերջում, այսինքն`երկրորդը: Բացի այդ, մայիսի 25-ին, երբ
սկսվեցին մարումները, բանկն ընկերության հաշվից հանեց 32 մլն.դրամ, այսինքն,
այնքան, որքան պահանջվում էր երկրորդ համաձայնագրով: Ավելին, բանկից զանգել են
հաշվապահին և ասել, որ կարող են բանկ չգնալ, քանի որ իրենք հաշվից գումարն արդեն
վերցրել են և ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք շատ լավ գիտերին, որ առաջին
համաձայնագիրն ուժ չունի, ասում է Մանվել Տեր-Առաքելյանը: Նրա խոսքով, դրանից հետո
ինքը մեկ այլ բանկից ստանում է ավելի լավ պայմաններով և ավելի ցածր
տոկոսադրույքներով վերաֆինանսավորման առաջարկ և որոշում է ամբողջովին մարել
Յունիբանկի պարտքը: Սկզբում Յունիբանկը դեմ չի լինում և տալիս է իր
համաձայնությունը: Սակայն, հունիսի 17-ին բանկը «Հին Էրիվան» ընկերությանն
ուղարկոմ է մի փաստաթուղթ, որի համաձայն, ընկերությունը ժամանակին չի կատարել իր
պարտավորությունները, այսինքն, մայիսի 25-ին չի վճարել պահանջվող 44 մլն.դրամ
գումարը, հետևաբար, սկսել է գործել տույժերի ու տուգանքների մեխանիզմը և
ընկերությունը հայտնվում է «սև ցուցակում»:
Իսկ
Յունիբանկն էլ իր հայտարարությունն է տարածել, որում «Հին Էրիվան» հոլդինգի
ղեկավարությանը մեղադրել է, որ նա բանկի դեմ հատուկ «սև PR»ակցիա է կազմակերպել,
որպեսզի խուսափի վարկի մարումից: