Մոսկվայի և Բաքվի միջև զենքի վաճառքի գործարքը հասարակական լայն արձագանք գտավ: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ թշնամություն անող պետությանը զենք վաճառելու ՌԴ որոշումը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է ՀԱՊԿ անդամությամբ, ուստի պայմանագրային հարաբերությունները նրանց միջև անհամեմատ ավելի խորն են, քան Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերություններին բնորոշ է սերտ փոխգործակցությունը բոլոր հիմնական ոլորտներում: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար բնավ թշնամի պետություն չէ: Եվ մենք Ռուսաստանում մեծ ցավով ենք հետևում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հակամարտությանը: Ինչ վերաբերում է սպառազինությունների վաճառքին, ապա ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է գործում Ռուսաստանի կառավարությունը կամ նախագահը: Սակայն կարծում եմ, որ տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի պահպանումը խաղաղության և կայունության երաշխիք է: Եթե զինաթափում չի ստացվում, ապա սպառազինությունների հաշվեկշռի պահպանումը ինչ-ինչ ռազմական գործողություններից, ուժի կիրառումից զերծ մնալու երաշխիք է: Ադրբեջանին սպառազինության վաճառքում հակահայկական ոչինչ չկա:
Ռուսական կողմին չի՞ մտահոգում այն, որ սպառազինության մատակարարումները հանգեցնում են հայ հասարակությունում հակառուսական տրամադրությունների նոր ալիքի:
Կարծում եմ`նման մտահոգություն չկա, քանի որ հասարակության տրամադրությունները թե’ Հայաստանում, թե’ Ռուսաստանում չեն ազդում քաղաքական գործիչների կողմից ընդունվող որոշումների վրա: Ռուսաստանը չի կարող ղարաբաղյան հակամարտությունում հայամետ կամ ադրբեջանամետ դիրք գրավել: Մենք Ադրբեջանի հետ ունենք ընդհանուր սահման, հսկայական ապրանքաշրջանառություն, միլիոնավոր ադրբեջանցիներ ապրում և աշխատում են ՌԴ տարածքում: Հայաստանի հետ նույնպես մեզ կապում են տնտեսական, մարդկային գործոններ, ռազմավարական գործընկերություն: Մոսկվան հավատարիմ կմնա բոլոր այդ գործընթացներում ինչ-որ հավասարակշռության պահպանմանը: Մենք թույլ չենք տա որևէ մեկին ռազմական ճնշող առավելություն ունենալ մյուսի հանդեպ, և, կարծում եմ, դա ճիշտ մոտեցում է:
Ռուս քաղաքական գործիչները զենքի վաճառքի գործարքն արդարացնում են այն բանով, որ Ռուսաստանն իբր չի ցանկանում զրկվել իր զենքի իրացման շուկայից, որ իր փոխարեն Ադրբեջանին սպառազինություն են մատակարարում ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Իսրայելը: Որքանո՞վ են կենսունակ նման պնդումները:
Ես չեմ բացառում նման տարբերակը, քանի որ Իսրայելը, ցավոք, ակտիվորեն ներկա է Ադրբեջանում: Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է ՆԱՏՕ-ի զորքերի, ինչպես նաև իսրայելական հետախուզական ստորաբաժանումների համար: Կարծում եմ, որ այս իրավիճակում Ռուսաստանին խիստ կարևոր է ուժերի հավասարակշռություն պահպանել տարածաշրջանում: Բան այն չէ, որ Ռուսաստանը վախենում է կորցնել Ադրբեջանը որպես զենքի արտադրանքի սպառման շուկա և այն զիջել, օրինակ, Միացյալ Նահանգներին: Չէ որ, եթե ԱՄՆ ցանկանա զենք մատակարարել, դա կանի` անկախ Ռուսաստանից: Մենք արդեն բախվել ենք այն բանին, որ ամերիկացիները ՙսեղմելով անց են կացնում՚ իրենց որոշումները ցանկացած գնով: Կարծում եմ, որ տարածաշրջանում բավականին լուրջ իրադարձությունների, Իրանի շուրջ պատերազմի սպառնալիքի լույսի ներքո սպառազինությունների հաշվեկշիռը, դժբախտաբար, երաշխիք է այն բանի, որ հակամարտող կողմերը սխալ որոշումներ չեն կայացնի ուժային ճանապարհով ինչ-որ նպատակների հասնելու վերաբերյալ:
Կիսվեք Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ Ձեր պատկերացումներվ, որտեղ իշխանության է եկել Հասան Ռոհանին, ով, շատ փորձագետների կարծիքով, բարենորոգչական թևի ներկայացուցիչ է:
Իրանի բարձրագույն հոգևոր իշխանությունը որոշել է հրաժարվել Մահմուդ Ահմադինեջադի առճակատման գծից և ընտրել ավելի խաղաղասեր, երկխոսության քաղաքական գիծ: Եվ հունիսի 14-ին նախագահական ընտրություններում հաղթանակած ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին հենց երկխոսության գործիչ է: Ասվածը, սակայն, չի նշանկաում, թե իշխանության է եկել բարենորոգչական թևի ներկայացուցիչ: Ռոհանին, ավելի շուտ, պահպանողական է, կղերական: Անցած ընտրություններում պարտվեցին հենց աշխարհիկ հեղափոխական ուղու կողմնակիցները, որոնք կապված էին իսլամական հեղափոխության պահապանների, ուսանողների և այլոց հետ: Սակայն պետք է հասկանալ, որ թե մեկ, թե մյուս թևը հաղթել կարող էր միայն այն պատճառով, որ այդպես էր որոշել բարձրագույն խորհուրդը` հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի գլխավորությամբ: Եվ Ռոհանին, և նրա ընդդիմախոսները շարունակում են Հոմեյնիի գիծը, ճիշտ է` որոշակի վերապահումներով: Իրանում չի կարող լինել ոչ մի այլ բան, որ հակասի ՙՎիլայաթ ե ֆաքիհ՚, այսինքն, ֆաքիհների, հոգևոր մեկնաբանների կառավարման սկզբունքին: Ինձ համար, նույնիսկ, տարօրինակ է, թե ինչու են այդ մարդիկ բարենորոգիչ կոչվում: Այդ երբվանի՞ց են ֆաքիհները բարենորոգիչ: Նրանք կղերականներ են, որոնք, սակայն, հանդես են գալիս քաղաքակրթությունների երկխոսության, համագործակցության և հիմնական հարցերի շուրջ փոխըմբռնման օգտին:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա, կարծում եմ, այդ ծրագիրը կարելի է համարել ավարտված. հակառակ արևմտյան հանրության սպառնալիքներին և աղմուկ-աղաղակին, Բուշերի ԱԷԿ-ը գործարկվեց: Ճանաչելով իրանցիներին` կարելի է վստահորեն ասել, որ եթե նրանք այս կամ այն խնդիրն են դնում, ապա անշեղորեն ընթանում են դեպի նպատակը: Ասվածը վերաբերում է նաև միջուկային ծրագրին: Միջուկային ծրագիրը չի նշանակում միջուկային ռումբի ստացում: Ես համոզված եմ, որ նրանք ռումբ չունեն, և ավելին, դա նրանց հարկավոր չէ: Այժմ Իրանի խնդիրն ապաշրջափակումն է, որը չափազանց ուժգին է հարվածում երկրի տնտեսությանը: Չէ որ Իրանը պատասխանատու է Սիրիայի, Լիբանանի իրավիճակի համար, և նրա դերն, ընդհանուր առմամբ, բավականին լուրջ է:
Ինչպե՞ս կզարգանան Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները Ռոհանիի օրոք: Վերջինս նախագահի թեկնածու եղած ժամանակ իր հարցազրույցներից մեկում Բաքվին համարել է ԻԻՀ անվտանգության սպառնալիքը:
Այն, որ Ադրբեջանը փաստորեն հետախուզական բազաների համար իր տարածքն է տրամադրել Իսրայելին`սպառնալիք է Իրանի համար, մյուս կողմից`դա Ադրբեջանին ներգրավում է բավականին վտանգավոր քաղաքական դիմակայության մեջ, այդ թվում`Իրանի հետ: Մենք հիշում ենք, որ Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման սցենարներից մեկը ենթադրում է այդ թվում Ադրեբջանի տարածքի օգտագործումը: Կարծում եմ, որ դա ադրբեջանական ժողովրդի շահերից չի բխում:
Ադրբեջանում տեղի են ունեցել շիիթների զանգվածային ձերբակալումներ, մասնավորապես`Նարդարանում, իսկ նման ակցիաներն ակնհայտորեն հակաիրանական բնույթ են կրում: Այն ժամանակ, երբ Ադրբեջանի հարավային շրջաններում ակտիվանում են վահաբիթական կազմակերպությունները, Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են շիիթներին: Կարծում եմ, որ այդ առճակատման գիծն Իրանի հետ քաղաքականությունում սխալ է Բաքվի համար:
Վերջին 2-3 տարիներին Հայաստանում փորձագետների և որոշ քաղաքական գործիչների մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվում են որոշակի վերաքննման, քննադատություն է հնչում այդ հարաբերությունների անիրավահավասարության մասին: Ինչպիսի՞ն է իրավիճակի տեսլականը Ռուսաստանում:
Չէի ասի, թե դրանք ենթարկվում են ինչ-որ վերանայման, բայց մենք տեսնում ենք ամերիկացիների և նատօյականների աճող ակտիվությունը Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից քիչ ջանքեր են գործադրվում, բայց, հնարավոր է, մասամբ այն պատճառով, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այնպիսի բարձր մակարդակի վրա, որ կանխազգուշության որևէ միջոցների կարիք չունեն: Երկու երկրների ղեկավարությունների միջև շատ լավ անձնական հարաբերություններ են: Դժվար է պատկերացնել, որ այդ հարաբերությունները կարող են փչանալ`արևմտյան կառույցների ինչ-որ ակտիվության պատճառով: Թեև, կարծում եմ, պետք է ավելի զգոն լինե: Անձամբ ես մտոհոգությամբ եմ հետևում Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում Արևմուտքի այդ ակտիվությանը:
Մյուս կողմից`պետք է նշեմ, որ Ռուսաստանը մինչ այժմ չունի ամբողջական կովկասյան քաղաքականություն: Ռուսական պետությունը Կովկասը չի ընկալում որպես միասնական տարածություն: Կովկասի բոլոր տարածաշրջանները սերտորեն կապված են միմյանց հետ, և այդ հանգամանքը պետք է իր արտացոլումը գտնի Կրեմլի քաղաքականության մեջ: Մոսկվան պետք է արդյունավետ քաղաքականություն մշակի, որը կհամապատասխանի տարածաշրջանի բոլոր սուբյեկտների շահերին:
Հայաստանում ակտիվ բանավեճ է ծավալվում արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցի շուրջ. ոմանք հանդես են գալիս ԵՄ հետ խորը ինտեգրման, մյուսները`Մոսկվայի առաջարկած ինտեգրացիոն նախագծերին միացման օգտին: Արդյո՞ք երկընտրանք եք տեսնում այդ հարցում, թե՞ դրանք մեր երկրի արտաքին քաղաքականության փոխլրացնող տարրեր են:
Հայաստանում ԵՄ օգտին լոբբինգ են իրականացնում ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող եվրոպամետ քաղաքագետները: Ըստ որում, հասկանալի չէ, թե ինչ է ենթադրում եվրաինտեգրումը, ինչ զգալի օգուտ կա դրանից: Եթե խոսենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, ապա դա ֆանտաստիկայի ժանրից է: ԵՄ-ն այժմ պատրաստ չէ ինչ-որ մեկին իր կազմում ընդունել: Իսկ ՙխորը ինտեգրման՚ մասին մնացած բոլոր խոսակցությունները հեքիաթ են: Կարծում եմ, որ Հայաստանին պայմաններ կառաջադրվեն գործընթացի ընթացքում: Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ եվրաինտեգրման պայմաններից մեկը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունն է: Հայաստանն ստիպված կլինի նաև խզել հարաբերություններն Իրանի հետ, բայց չեմ կարծում, թե դա բխում է Երևանի շահերից`հաշվի առնելով թեկուզ հայկական մեծ համայնքի առկայությունն Իրանում: