Հաշվի առնելով, որ Պուտինի բռնապետական ռեժիմը, առաջ է ընթանալու դեպի իր ռազմավարական նպատակի իրականացումը`անվտանգության համաշխարհային համակարգի վերաֆորմատավորումը և եվրոպական մայրցամաքում համընդհանուր գերիշխումը, կրեմլյան հրեշին միայն ուժը կարող է կանգնեցնել: ԱրմԻնֆո-ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և տրանսատլանտյան հետազոտությունների կենտրոնի /Կիև/ նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:
ՙՈւկրաինայի արևելյան մարզերում, կրկին անցումային իշխանության լուրջ անգործության, հակաահաբեկչական գործողության իրականացման դանդաղկոտության պատճառով, իրենք իրենց իշխանություն են հայտարարել ահաբեկիչները, ավազակները: Ուկրաինայի տարածքն են ներսփռվել ռուս գրոհայինների խմբեր: Ուկրաինայի արևելքում կլինեն մեծաթիվ զոհեր, և քաոսը կշարունակվի խորանալ: Միակ ելքը դիմադրության օջախների վերացումը և սահմանադրական իշխանության վերականգնումն է: Այդ քայլերից հետո պետք է հզոր բարեփոխումներ սկսվեն՚,- վստահեցնում է վերլուծաբանը:
Կոլոմիեցի կարծիքով, ենթադրել, թե կկարողանա արդյոք այդ բարեփոխումներն իրականացնել նոր նախագահը, բավականին դժվար է: Այնուամենայնիվ, ամեն դեպքում այդ բարեփոխումները պետք է սկսվեն: Վերլուծաբանի կարծիքով, հասարակությունում դիտվող միտումների համաձայն, Ուկրաինայի նախագահ կդառնա Պյոտր Պորոշենկոն: Եվ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում նրա հիմնական խնդիրը երկրի ու ժողովրդի անվտանգության երաշխավորումը կլինի: ՙԸստ երևույթին, գործիք կարող է դառնալ ԱՄՆ և Ուկրաինայի միջև պաշտպանության և անվտանգության վերաբերյալ պայմանագիրը՚,- ամփոփել է վերլուծաբանը: