«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, մի շարք հայկական բեռնափոխադրող
ընկերությունների և Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչները մայիսի 23-ին քննարկել
են համագործակցության ընդլայնման և Բաթումի ծովային նավահանգստից Հայաստան փոխադրվող
բեռների ծավալների աճի հեռանկարները:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են մասնավորապես Ապավեն, Վեսթտրանս,
Թրանս Լոջիսթիկ Քոքսիս, Մեթեքսիմ, Մոբտրանս բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներն
ու ներկայացուցիչները:
Համագործակցության և լոգիստիկայի գծով «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը խորհրդակցության մասնակիցներին
ներկայացրել
է ընկերության պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները, հիշեցնելով, որ Հայաստանում աշխատելու տարիներին ՀԿԵ-ն մոտ 230
մլն դոլարի ներդրումներ է կատարել երկաթուղային տրանսպորտի զարգացման համար: Ինչպես
նշել
է Օլեգ Շատալովը, այս տարների ընթացքում գնացքների
բեռնվածությունն աճել է մինչև 1,9 հազ տոննա, իսկ ընկերության փոխադրումների մասնաբաժինը
Հայաստանի բեռնաշրջանառությունում հասել է 34%: «Դա բավականին հաջող արդյունք է», - արձանագրել է նա:
Գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծել է, որ 2011 թվականին ընկերությունում ստղծվել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, որն աշխատում
է մեկ պատուհանի սկզբունքով և ակտիվ կիրառում է ժամանակակից IT տեխնոլոգիաներ: Կենտրոնը
հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ է մատուցում, օրինակ՝ բեռնափոխադրումներ Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներ,
բեռնափոխադրումների լոգիստիկ սխեմայի մշակում, ապահովագրական և բանկային ծառայություններ:
Միևնույն ժամանակ Օլեգ Շատալովը հիշեցրել է, որ ՀԿԵ-ի բեռնափոխադրումները մեծ հեռանկարներ են ստանում Իրան-Հայաստան երկաթուղու
կառուցման պարագայում: Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալը, նոր երկաթուղին, որի կառուցումը նախատեսվում
է ավարտել 2022 թվականին, թույլ է տալու 2 անգամ կրճատել ճանապարհը մինչև եվրոպական
շուկաներ:
Բաթումի ծովային նավահանգստի ներկայացուցիչները` տնօրենի տեղակալ Իլյա Ցիվաձեն և արտաքին կապերի պատասխանատու Ռամազ
Գիորգաձեն, ներկաներին ցանոթացրել են նավահանգստի հնարավորությունների, բեռնաշրջանառությունների
ավելացման հեռանկարների հետ, ընդգծելով, որ նավահանգիստը հայկական հաճախորդներին պատրաստ է տրամադրել համագործակցության
հարմար պայմաններ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: