Աշխարհում կոտրվում է այն կարծրատիպը, որ անիմացիան պետք է լինի միայն մանկական, նշել է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատգոնի գործադիր տնօրեն Տիցիանա Լոսկին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
ՙԱնիմացիան զարգանում է շատ լավ տեմպերով, քանի որ, վերջապես, կա այն բանի գիտակցում, որ անիմացիան պետք է լինի ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների համար: Կարևոր է հասկանալ, որ անիամցիան նույնպես կարող է ուղերձ հղել արդիական հարցերի վերաբերյալ՚, - նշել է Լոսկին: ՙԳլխավորն այն է, որպեսզի դա լինի որակյալ, լավ ֆիլմ, որը հույզեր է առաջացնում հանդիսատեսի շրջանում՚, - ավելացրել է նա:
Լոսկին նաև դրական է գնահատել Երևանում ընթացող անիմացիոն ֆիլմերի ՙՌեանիմանիա՚ փառատոնը: ՙԱռաջին անգամ ես ՙՌեանիմանիային՚ ներկա եմ եղել 2009 թվականին և կարծում եմ, որ այն տարեցտարի դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ նման փառատոնների առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար՚, - ասել է նա:
Տիցիանա Լոսկին Երևան է ժամանել որպես ՙՌեանիմանիա՚ 5-րդ միջազգային փառատոնի հյուր, որի շրջանակներում հանդիսատեսի դատին է հանձնվել Անսիի փառատոնի լավագույն ֆիլմերի առանձին ծրագիր: