Հայաստանը պետք է
դառնա Հարավային Կովկասի անբաժանելի մասը և մասնակցի տարածաշրջանային բոլոր
նախագծերին: Ընդ որում, խոսքը գնում է տնտեսական և սոցիալական նախագծերի մասին:
Այս մասին այսօր կայացած` «Գյուղական ինովացիոն տուրիզմի զարգացման» նախագծի
շնորհանդեսին հայտարարել է Heifer international ընկերության հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
«Գյուղական ինովացիոն տուրիզմի զարգացման» նախագծի
շրջանակներում Հայաստանը կստանա տուրիզմի միանգամից մի քանի ոլորտները զարգացնելու
հնարավորություն, հայտարարել է նախագհծի համակարգող Անա Առաքելյանը: Նրա խոսքերով,
առաջիկա 6 ամիսներին Հայաստանը, լինելով Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի հետ
համատեղ նախագծում, հատուկ ուշադրություն կդարձնի գյուղատնտեսության և տուրիզմի
զարգացմանը: Նախագծի շրջանակներում այցելություններ կլինեն դեպի նախագծի մասնակից
երկրներ (Բուլղարիա-35 մարդ), ինչպես նաև փորձի փոխանակություն (Թուրքիա-25 մարդ,
Վրաստան-35 մարդ և Հայաստան-25 մարդ): «Մենք ունենք գյուղական տուրիզմի հետ
կապվբած որոշակի բարդություններ, կապված գյուղի բնակիչների լեզվական խոչընդոտների
հետ»,-ասել է Առաքելյանը, նշելով, որ նախագծի շրջանակներում տեղի կունենան գյուղի
բնակչության որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ:
Նշենք, որ նախագծի արժեքը կազմում է 472,923.43 եվրո,
որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից` «Արևելյան գործընկերության» ծրագրի
շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին և կտևի 18 ամիս: 2014
թվականին կլրանա Հայաստանում Heifer international ընկերության գործունեության 15 տարին: Ընկերությունն ստեղծվել է 1944
թվականին, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի ծրագրերն ուղղված են
աղքատության գլոբալ կրճատմանը: