Պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը շահարկելն անամոթություն է, լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
ՙԽորհրդարանի բոլոր խմբակցություննների պատգամավորները համակարծիք են, որ միջադեպը պետք է վճռականորեն դատապարտվի, սակայն մենք ականատես ենք լինում այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու մեր որոշ գործընկերների փորձերին: Դա վիրավորական է նաև տուժածի նկատմամբ՚,- վստահ է Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: ՀԱԿ ներկայացուցիչներն այդ միջադեպի համար մեղադրել էին իշխանություններին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանին, ով ներկայումս արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդն է: Սակայն, Մովսիսյանը հերքում է դա և հավաստիացնում, որ որևէ առնչություն չունի Մանուկյանի վրա հարձակման հետ: