Հիմք ընդունելով ՙԶինվորական ծառայություն անցնելու մասին՚ ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը` ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, ՙմաթեմատիկա՚ և ՙֆիզիկա՚ առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար:
Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները մինչև ս.թ. հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ: