«Ես
լիովին համաձայն եմ Ղազխաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն
հայտարարությանը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի
այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է ԱՀԿ», - հայտարարել է ԼՂՀ ղեկավարի
մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա ասելով, Հայաստանն առանձին ինքնիշխան պետություն է,
որը մասնակցում է քաղաքական և տնտեսական նախագծերի, և որևէ նախագծի պետք է
ինտեգրվի իր սահմաններում: Ընդ որում նա տարակուսանք է հայտնել այն առնչությամբ,
թե այդ հայտարարությունն ինչու է այդպիսի հակազդեցություն հարուցել Հայաստանի
հասարակության շրջանում:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի
Հանրապետությունը երկու անկախ և ինքնիշխան պետություններ են, ինչու՞ պետք է
Հայաստանն ինչ-որ կառույցի ինտեգրվի ԼՂՀ հետ միասին: Նազարբաևն իր ելույթում նշել
է, որ Հայատսանը պետք է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի այն սահմանների
շրջտանակում, որոնցում մտել է ԱՀԿ: Չէ որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ-ին ոչինչ չէր
սպառնում, և, ենթադրում եմ, որ ԵԱՏՄ պարագայում նույնը կլինի», - նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ միջև հսկիչ անցակետերի
տեղադրման հնարավորությանը` Բաբայանը նշել է, թե չի կարծում, որ դրանք կտեղադրվեն:
Հիշեցնենք,
որ մայիսի 29-ին Եվրասիկական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ
Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է արդեն հունիսի 15-ին ստորագրել
ԵԱՏՄ անդամակցության շուրջ փաստաթուղթը: Ինչին ի պատախսան` Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրումը հնարավոր է հուլիսի 1-ից ոչ շուտ,
քանի որ Հայաստանը պետք է կատարի որոշ պարտավորություններ: Ընդ որում Ղազախստանի
նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին հայտարարել է, թե պետք է հաշվի առնվի
ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, թե
Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է
ԱՀԿ: «Մենք Ադրբեջանի նախագահից
նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը
ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի
տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես
նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար», - նշել է Նազարբաևը: Հայաստանի նախագահը հանդես
չի եկել պատասխան հայտարարությամբ: