Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը, պահանջում են միջազգային կառույցներից հետևողականություն դրա արդյունավետ քննությունը խթանելու և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:
ՙ2008 թվականի մարտի 1-ին ՀՀ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները: Ստանալով Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանովկիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետև շարունակվեցին Երևան քաղաքի ողջ տարածքում, այլ քաղաքացիների նկատմամբ, գործի դրվեցին ոչ միայն ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները, խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ: Ապօրինի հրամանով Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում, ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ, ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները, շինծու և անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին և ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ, դադարեցվեցին ոչ իշխանական լրատվական միջոցների տպագրությունը, ինտերնետային կայքէջերը, ռադիոհաղորդումները՝ ՀՀ քաղաքացիներին զրկելով լրատվական այլընտրանքային աղբյուրներից:
Այսպիսով, անօրինական ուժի գործադրմամբ և արյունով իրականացվեց իշխանության զավթում և ՀՀ քաղաքացիներին պարտադրվեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ինչը հետագայում վերահաստատվեց 2013 թվականին` վարչական ռեսուրսի չարաշահմամբ կեղծված նախագահական ընտրություններով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ չի հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ ուժային և իրավապահ մարմինների և նրանց ստորաբաժանումների ղեկավարներին: Որևէ քննություն չի իրականացվել միջազգային կառույցների պահանջով և Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում բացահայտված և արձանագրված փաստերի ուղղությամբ: Բացատրություններ չեն վերցրվել և չեն հարցաքննվել օլիգարխները, որոնց թիկնապահներին հատկացվել էր զինվորական համազգեստ և որոնք ներգրավվել էին քաղաքացիների դեմ սանձազերծված բռնի գործողություններում:
Վեց տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ պաշտոնական հավաստիացումներին և հայտարարություններին, Սերժ Սարգսյանի վարչակազմը ոչ մի իրական գործողություն չի իրականացրել Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործության քննության ուղղությամբ՝ ակնհայտորեն հովանավորելով հանցագործության կատարման մեջ պատասխանատու անձանց: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:
Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը, կոռուպցիայի աճին և արտաքին քաղաքականության ձախողմանը: Վերջինիս գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` միանալու Մարտի 1-ի հանցագործությունը հովանավորած և աջակցած Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող Մաքսային Միությանը: Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը՚,- ասվում է Լրագրողների Ասպարեզ ակումբի,Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստանի, Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության, Հեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարության մեջ: