Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» գիրքը («Իլեթիշիմ» հրատարակչություն):
Ինչպես
հաղորդում է
Akunq.net-ը,
վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, աշխատությունը բաղկացած է հեղինակի` թեմային առնչվող հոդվածներից: Գրքում տեղ գտած առաջին հոդվածում Աքչամը ներկայացնում է, թե ինչու և ինչպես է սկսել հետաքրքրվել Հայոց ցեղասպանության խնդրով և վերջին 30 տարում ինչպիսի հակազդեցությունների է հանդիպել դրա պատճառով: Երկրորդ հոդվածում պրոֆեսորն անդրադառնում է Սարգիս Թորոսյանի հուշերի հրատապարակման հետևանքով մեկնարկած և տարբեր ճակատներում շարունակված բանավեճին: Իսկ ժողովածուում ընդգրկված վերջին հոդվածում, որը նաև ամենահամապարփակն է երեք հոդվածներից, Աքչամը վերլուծում է հայերի բռնի ուծացման հարցը: Ըստ Աքչամի` բռնի ասիմիլացիան կատարվել է առնվազն 4 ձևերով` բռնի իսլամացում, ժամանակավոր վերաբնակեցում, երեխաների հավաքագրում և մուսուլման ընտանիքներին հանձնում և վերջապես` մանկամարդ կանանց ու աղջիկների բռնի ամուսնություն` մահմեդականների հետ: Թուրք գիտնականը, գրքում պնդելով, թե բռնի ուծացումը Հայոց ցեղասպանության անքակտելի մասն է, նաև անդրադառնում է այն հարցին, թե ինչու է այդ փաստը մինչ օրս անտեսվել: