Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է տեղական շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների սպառման ծավալների աճը և տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը:
Այդ մասին այսօր ՙԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014` գործարարների առջև կանգնած մարտահրավերները և դրանց տեխնոլոգիական լուծումները՚ թեմայով մամլո ասուլիս ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ այս առումով էական նշանակություն ունի ոլորտի գործարար կապերի ամրապնդմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՀՏ-ի կիրառմանը նպաստող և տեխնոլոգիական ոլորտը համախմբող «Դիջիթեքե գործարար համաժողովի կազմակերպումը: Նման միջոցառումները նա կարևորել է նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման տեսանկյունից և կոչ արել գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014-ի աշխատանքներին` կիրառելով հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները դեպի սպառողը կողմնորոշված բարձրորակ ծառայությունների ներդրման ու բիզնես պրոցեսների օպտիմալացման գործընթացում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշել է. ՙԵրբ 2008-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաները տարածված չէին։ Նախկինում գործարարներին պետք է բացատրեիր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Հիմա արդեն եկել է ժամանակը, երբ գործարարն ինքն է իր խնդիրներն ու պահանջները ներկայացնում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին՚:
ՙՈրպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ ՙԱրմենՏել՚ ընկերությունը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում եմ հեռահաղորդակցության ոլորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ ՙԱրմենՏել՚ ընկերության աջակցությամբ կայանալիք ֆորումին ներկայացված գաղափարներն ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացումն, այլ նաև հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար՚,- նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-21-ը ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցում տեղի կունենա ՙԽելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար՚ խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը: Ֆորումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline):