Այսօր Հայաստանում շուկան ազատ է և չկա պարենային
ապրանքների դեֆիցիտ: Այս առումով անիմաստ է մտածել, որ Ամանորի նախօրեին տեղի
կունենա գների կտրուկ թռիչք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության
ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
«Հայաստանում առաջին
անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ այնքան են թանկացել, որ տոնական օրերին գների
աճի մասին խոսելն անիմաստ է»,-ոչ առանց հեգնանքի հայտարարել է Պիպոյանը
Նրա հաշվարկներով,
Ամանորյա «պատշաճ սեղանի» արժեքը կկազմի 150-200 հազ.դրամ: «Այդ արժեքը հաշվարկված
է 10 հոգու համար և չի ընդգրկում այնպիսի «հաճույքներ», ինչպես սև կամ կարմիր
խավիարը, էկզոտիկ ըմպելիքները և Ամանորյա նվերները»,-ասել է Պիպոյանը:
ՀԿ ղեկավարը նշել է նաև,
որ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն էլեկտրատեխնիկայի և կենցաղային մյուս
ապրանքների Ամանորյա զեղչերի նկատմամբ: Նա նշել է, որ հայտարարված զեղջերը հիմնականում
արվում են նախապես բարձրացված գների վրա, միամիտ գնորդներին մոլորեցնելու
նպատակով: -կ-