2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Դանիայի հավաքականի հետ Կոպենհագենի Փարքեն մարզադաշտում կայացած խաղի 27-րդ վայրկյանին Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը Արազ Օզիլիսի փոխանցումից հետո սկիզբ դրեց դանիացիների ջախջախմանը 4:0 հաշվով:
Արդեն խաղի 15-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն գնդակը կպավ Դանիայի հավաքականի դարպասի ձողին: Այդուհանդերձ, 19-րդ րոպեին հաշիվը դարձավ 0-2: Տուգանային հրապարակի մատույցներից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը` Վալերի Ալեքսանյանի երկար փոխանցումից: Երկրորդ կեսին (58-րդ րոպեին) Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը (82-րդ րոպեին) խփեցին 3-րդ և 4-րդ գոլերը` ջախջախիչ պարտության մատնելով դանիացիներին
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն իր թիմի ջախջախիչ պարտությունը որակել է որպես իր կյանքի ամենավատ օրը: ՙԱռայժմ պարզ չէ, թե ինչու այդքան վատ խաղացինք, սակայն դա 100 տոկոսով իմ սխալն է: Մեր խաղում շատ բան այնպես չընթացավ, իսկ ֆուտբոլիստները չկարողացան ցուցադրել իրենց մակարդակը: Ես իրոք չեմ ցանկանում պարզաբանել այս ձախողումը: Դա, պարզապես, սարսափելի էր՚. հայտարարել է Օլսենը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին հայտարարել է, որ թիմը կխաղա բոլոր մնացած հանդիպումներում հաղթելու համար, ինչը հավաքականին հնարավորություն կընձեռի պայքարել խմբից դուրս գալու համար: ՙՄալթայի հետ խաղից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին ցանկանում ենք տեսնել միշտ: Այս արդյունքը պատահականություն չէր, քանի որ առաջին երկու գոլերից հետո դանիացիները գրոհի նետվեցին, և մենք ստացանք ազատ տարածությւուն: Չափազանց կարևոր էր արագ գոլը, քանի որ դա մրցակցին ստիպեց առաջ նետվել: Ես չեմ հավատում պատահականությանը: Նույնիսկ Մալթայի հետ խաղի արդյունքը պատահականություն չէր: Այդ ամենում կա օրինաչափություն: Ինձ համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ թիմի ոգին՚, - հայտարարել է Մինասյանը:
Վարդան Մինասյանի սաներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 6-ին Պրահայում` Չեխիայի հավաքականի հետ: