Ընդդիմության միավորման դեպքում 2014 թվականին
հեղափոխութոյւնը Հայաստանում կդառնա անխուսափելի: Այսօր Երևանում կայացած մամուլի
ասուլիսում նման կանխատեսումներ է արել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ
Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, երկրի զարգացման
միակ ուղին իշխանափոխությունն է, վերևից ներքև, քաղաքացիական հասարակության և
քաղաքական ուժերի աջակցությամբ: Մասնավորապես, Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայ
հասարակությունն արդեն պահանջում է, որ Հայաստանն ազատագրվի Հանրապետական
կուսակցությունից ու կառավարությունից: «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը
ցույց է տալիս, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և եթե ընդդիմությունը
միավորվի, ինչի համար արդեն կան նախադրյալներ, ապա մեզ լուրջ փոփոխություններ են
սպասվում»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանը նաև նշել է,
որ 2013 թվականին գործող իշխանությունների միակ զենքը ուժային կառույցների
աշխատակիցների մահակներն էին, սակայն վերջիններս այլևս չեն ուզում ենթարկվել իրենց
թալանող ռեժիմին: «Քաղաքացիական ակտիվության դեպքում նրանք դեն կնետեն ուսադիրները
ու կանցնեն պայքարող քաղաքացիների կողմը»,-հայտարարել է նա: Պատգամավորը նաև
ընդգծել է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է մեկ անգամ ևս հաստատեն իրենց
դիրքորոշումը բարիկադների վրա, այդ համատեքստում նա անդրադարձել է «Բարգավաճ
Հայաստան» «այլընտրանքային» կուսակցությանը: Միաժամանակ Մարտիրոսյանը նշել է, որ
քաղաքական ուժերը պետք է դեն նետեն ամբիցիաները, դադարեն քննադատել միմյանց և
միասնական ճակատով գնան ռեժիմի դեմ: «Իսկ մեր կուսակցությունը պատրաստ է միանալ
միասնական ճակատին, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել է մեր առաջնորդ Րաֆֆի
Հովհաննիսյանը»,-նշել է Մարտիրոսյանը: Նա նաև չի բացառել որ Հովհաննիսյանը, ով
ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, մինչև 2014 թվականը կվերադառնա ու հանդես կգա
քաղաքացիների առջև: