Երևանում ստեղծվել է անօրինական շինարարություններին դեմ
հասարակական շարժում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել են շարժման մասնակիցները:
Շարժման նպատակը բակերում անօրինական շինարարությունների
դեմ պայքարն է, ինչպես նաև անօրինական շինարարությունից տուժածներին աջակցելը:
Շարժման մեջ կան փորձագետներ, ճարտարապետներ, իրավաբաններ, ինչպես նաև շարքային
քաղաքացիներ:
«Մենք եկանք համոզման, որ միայնակ չենք կարող հասնել
արդարության, իսկ արդյունքի հասնելու համար հարկավոր է միավորվել, քանի որ
կառուցապատողները միշտ էլ նույն անձինք են: Նրանց «կանաչ լույս» է ապահովում
Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակցում են իշխանական բոլոր կառույցները, սկսած
քաղաքաշինության նախարարությունից և վերջացրած մշակույթի նախարարությունով»,-նշել
է շարժման մասնակիցներից մեկը, Հյուսիսային պողոտայի քանդման ենթակա տներից մեկի
բնակիչ Վարդան Տեր-Ավետյանը:
Իր հերթին, Ամիրյան 24 հասցեում բնակվող Անի Մանդալյանը
տեղեկացրել է, որ շարժման հիմնական նպատակը բոլոր այն անձանց միավորելն է, ովքեր
արդեն բախվել են անօրինական շինարարության հետ կապված պրոբլեմներին ու չգիտեն, թե
ինչպես պայքարեն այդ չարիքի դեմ, քանի որ իրենց պայքարը դարձավ ապարդյուն,
որովհետև նրանք միայնակ պայքարում են իշխանության ներկայացուցիչների դեմ: «Մենք
միավորվել ենք, որպեսզի փրկենք մեր քաղաքը: Կառուցապատողները մարդիկ են, որոնք
վաղուց քաղաքում չեն ապրում, իսկ վաղը, եթե հանկարծ, Աստված չանի, լինի երկրաշարժ,
ապա քաղաքի կենտրոնը կվերածվի գերազմանոցի»,-ընդգծել է Մանդալյանը:
Շարժման մյուս մասնակիցը` Թումանյան փողոցում ապրող
Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը նշել է, որ շինարարություններն իրականացվում են
բոլոր նորմերի խախտումներով, փակվում են մուտքերն ու ելքերը: Շինարարություններն
իրականացվում են բակերի մանկական հրապարակների, կանաչ տարածքների հաշվին:
«Կառուցապատողները ներկայացնում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրված
փաստաթղթեր, որոնք հակասում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր
նորմերին: Ավելին, շինարարության վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց
հասարակական քննարկումների: Նույն պրոբլեմին են բախվել նաև Կոմիտաս 5, Սայաթ-Նովա
10, Սայաթ-Նովա 12, Թումանյան փողոցի, Նալբանդյան 106, Հյուսիսային պողոտայի 3
տների, Ամիրյան 24, Տերյան 23, Տերյան 25, Լալայանց փողոցներիչ բնակիչները»,-նշել
է նա:
Նա
նշել է նաև, որ ինքը դիմել է բոլոր ատյաններին, ընդհուպ մինչև ՀՀ նախագահին, բայց
մինչ օրս ոչ ոք իր հետ չի հանդիպել` իրավիճակը պարզելու համար, և մշտապես հետաձգել
են հանդիպման ժամկետները: