Վարչապետի ներկայացրած վիճակագրական տվյալները վկայում
են այն մասին, որ Հայաստանում ստեղծվել է չափազանց ծանր սոցիալ-տնտեսական
իրավիճակ: Սակայն խոսք անգամ չի ասել այն մասին, որ այդ իրավիճակն ստեղծվել է այն
պատճառով, որ գործող կառավարությունը չի կարողացել կատարել իր բազմաթիվ
պարտավորություններ: Այդ մասին դեկտեմբերի 12-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել
է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, գործադիր իշխանության նոր խոստումներին չի
կարելի լրջորեն վերաբերվել, քանի որ նախկին խոստումները չեն կատարվել: Փաշինյանը
հիշեցրել է 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ
կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե չապահովի երկրի տնտեսության 7 տոկոս
տարեկան աճ: «2014 թվականի բյուջեում կառավարությունը նախատեսել է 5,8 տոկոս աճ»,
- նշել է պատգամավորը, ավելացնելով, որ դեմ է քվեարկել «2014 թվականի պետբյուջեի
մասին» օրինագծին: