ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ աշխատակիցների միջին ամսեկան աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 11%-ով: 2012 թվականի հունվար-օգոստոսին գրանցված 176 705 դրամի դիմաց՝ 2013 թվականի ութ ամիսների արդյունքներով միջին աշխատավարձի չափը հասել է 196 043 դրամի: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ 2013 թվականի օգոստոսի արդյունքներով՝ երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 192 238 դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 182 222 դրամի դիմաց: Այսպիսով՝ աճը կազմում է 7%: Հարկ է նշել, որ ՀԿԵ անձնակազմի աշխատավարձի չափերն ու աճի տեմպերը գերազանցում են հանրապետական ցուցանիշները: Այսպես, միջին ամսեկան աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին կազմել է 145 795 դրամ, ինչը 3,7%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Իսկ 2013 թվականի օգոստոսին աշխատավարձն աճել է 5,1%՝ կազմելով 149 725 դրամ:Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս, հասնելով 186 935 դրամի: Միաժամանակ 2013 թ հունվար-օգոստոսին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,1 տոկոս՝ մինչև 179 772 դրամ:
Աշխատավարձերի աստիճանաբար ավելացումը հանդիսանում է ՀԿԵ-ի սոցիալ քաղաքականության կարևորագույն մասերից մեկը: Այս քաղաքականությունը դիտվում է որպես ոչ թե ծախսային մեխանիզմ, այլ որպես ներդրում ապագա զարգացման գործում:
ՀԿԵ-ի սոցիալական քաղաքականությունը ներառում է տարաբնույթ ուսուցման, վերապատրաստման ծրագրեր, աշխատողների, նրանց ընտանիքների և վետերանների անվճար բուժսպասարկում, նրանց հանգստի կազմակերպում, ինչպես նաև բարեգործական ծրագրեր և մի շարք դպրոցների աջակցություն: Երեխայի ծննդյան ժամանակ երկաթուղու աշխատակիցներին տրամադրվում է միանվագ դրամային աջակցություն նվազագույն աշխատավարձի 5-պատիկի չափով: Դրամական աջակցություն է ցուցաբերվում նաև երեխայի դպրոց ընդունվելիս, ինչպես նաև աշխատակիցների հոբելյանի կապակցությամբ: