ՙԳազպրոմ՚ ԲԲԸ-ն մինչև 2043 թ. Հայաստան գազի մենաշնորհային մատակարարումների իրավունք է ստացել. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, այդ դրույթն ամրագրված է Հայաստան մատակարարվող բնական գազի գնի ձևավորման կարգի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում, որն ստորագրվել է այս տարվա դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանրապետություն այցի ժամանակ: ՙԴուք գործնականում Հայաստանի կապիտուլյացիայի վերաբերյալ պայմանագիր եք կնքել, որը 30 տարվա ընթացքում այլևս որևէ մեկից գազ գնելու իրավունք չունի: Իսկ եթե վաղ մենք կարողանանք գազի ավելի ձեռնտու գնի շուրջ պայմանավորվել Իրանի հե՞տ՚,- ասել է պատգամավորը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր հերթին նշել է, որ նման երկարաժամկետ պայմանագիրը բացատրվում է կայուն գազամատակարարման ապահովման անհրաժեշտությամբ: Միաժամանակ նա ավելացրել է, որ ՙԳազպրոմը՚ չի կարող արգելել Հայաստանին բանակցություններ վարել այլ մատակարարների հետ: Ավելին, 2014 թ. սկզբին Հայաստանը կշարունակի գազի գնի շուրջ բանակցություններն Իրանի հետ: Ես բազմիցս քննարկել եմ իրանական գազի գինն ամենաբարձր մակարդակով, սակայն իրանական կողմն առաջարկում է 1 հազար խմ դիմաց $400-ից ոչ ցածր միջտարածաշրջանային գին, մինչդեռ Ռուսաստանից մենք գազ ենք գնում $189-ով՚,- ասել է նախարարը: