Կառավարող ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ
Շարմազանովը դատապարտել է ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և Ղարաբաղյան
պատերազմի մասնակիցներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի
ծեծին առնչվող միջադեպերը:
Նա ընդգծել է, որ ինչ-ինչ խնդիրներ բռնության միջոցով
լուծելն անընդունելի է: Ընդ որում հանրապետականը հայտարարել է, որ հարցերն
իրավական հարթությունում են, և դրանց պատասխանները պետք է տա նախաքննությունը:
Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի ծեծված մասնակիցների և ՀԱԿ խմբակցության
ղեկավար Լևոն Զուրաբյանի այն մեղադրանքներին, թե միջադեպերի հետևում կանգնած են
իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Շարմազանովը հայտարարել է. «Եթե
որևէ մեկն ունի ինչ-որ փաստեր,
ապացույցներ, ապա դրանք պետք է ներկայացնի իրավապահ մարմիններին: Որևէ ապացույցի
բացակայության դեպքում այդ բոլոր հայտարարությունները սոսկ ենթադրություններ են»:
Նշենք,
որ նախօրեին ծեծի է ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ մի քանի օր
առաջ` Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և
Ռազմիկ Պետրոսյանը: Նրանք բոլորն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, ոչ ոք
հարձակվողներին չի ճանաչել, սակայն բոլոր տուժածները հարձակումների համար մեղադրել
են իշխանություններին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: