ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը` հունիսի 2-ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: ՙԼիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել՚, - ասվում է հայտարարության մեջ:
ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրմադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ ՙմեղավորըե թիկնապահ Զարզանդն է՚, - ասվում է Գորիսում գործող ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և մարզպետի ազգական և թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել են: