Սիրիայում քիմիական զենքին առնչվող միջադեպը սադրանք է, որի նախաձեռնողներից մեկը Թուրքիան է, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Լրագրողների հետ զրույցում փորձագետն ընդգծել է, որ սադրանքը կազմակերպվել է որոշ մերձավորարևելյան երկրների կողմից, որի նպատակը սիրիական հակամարտության սրումն է` ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներգրավմամբ:
ՙԱկնհայտ է, որ սիրիական ապստամբերի գործողությունների հետևում կանգնած երկրներից մեկը Թուրքիան է: Պատահական չէ, որ օգոստոսի 21-ին քիմիական զենքին առնչվող միջադեպից հետո սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հավաքվեցին Ստամբուլում, և նույնքան ոչ պատահական` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ այն մասին, որ Ասադի զորքերի դեմ ռազմական գործողություն կարելի է սկսել առանց ՄԱԿ համապատասխան բանաձևի՚, - նշել է Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով, Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիան կպառակտվի երեք մասի, ինչը միանգամայն հնարավոր է, իսկ Անկարան երբեք չի թաքցրել Սիրիայի հյուսիսային տարածքների նկատմամբ իր նկրտումները: Միևնույն ժամանակ արևելագետն ընդգծել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունն անթիվ ռիսկեր և խնդիրներ է պարունակում, առաջն հերթին, Միացյալ Նահանգների համար, և հենց այդ պատճառով Բարաք Օբաման մինչ օրս ռազմական գործողություն սկսելու վճառականություն չի դրսևորում: