ՙՈրևէ կասկած չունեմ, որ Արամ Մանուկյանին ծեծի են ենթարկել Սերժ Սարգսյանի հրահանգով՚,- լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՙԻմ համոզմունքը կարող է վիճարկվել միայն այն դեպքում, եթե բոլոր այդ և մյուս դեպքերը, օրինակ`ազատամարտիկների վրա հարձակումները, բացահայտվեն: Այդ խնդրի լուծման համար իշխանություններն ունեն բոլոր լծակները և հնարավորությունները: Հակառակ դեպքում`անմիջական պատասխանատվություն են կրում իշխանությունները՚,- նշել է Փաշինյանը: Նրա կարծիքով, երկրի նախագահն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքացիների և քաղաքական գործիչների սահմանադրական իրավունքների պահպանման համար:
Մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելը`ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ենթադրել է, որ միջադեպը կարող է քաղաքական աստառ ունենալ: ՙԵս քրեագիտության մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ Մանուկյանի հետ կապված դեպքը երկրում անպատժելիության մթնոլորտի հետևանք է՚,- հայտարարել է Արսենյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր հերթին չի շտապում որևէ եզրակացությամբ հանդես գալ միջադեպի առնչությամբ, բայց չի բացառում նաև ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հնարավորությունը:
Նշենք, որ նախօրեին ծեծի է ենթարկվել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ մի քանի օր առաջ` Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը: Նրանք բոլորն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, ոչ ոք հարձակվողներին չի ճանաչել, սակայն բոլոր տուժածները հարձակումների համար մեղադրել են իշխանություններին: