ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր կայացած նիստում 15 միլիոն դրամով տուգանել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցերին՚ (ՀԷՑ): Մասնավորապես, հանձնաժողովը ՀԷՑ գործունեությունում հանձնաժողովի կողմից սահմանված մի շարք իրավական ակտերի պահանջների խախտումներ է հայտնաբերել:
Խոսքը վերաբերում է Երևանի Ադոնցի 8 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող ՙՄիկմետալ՚ ՓԲԸ-ին, որի հետ ՙՀԷՑ՚ ՓԲԸ-ն համաձայնության չի հանգել: ՀՀ ՀԾԿՀ որոշման համաձայն, դրամական տուգանք /15 միլիոն դրամ/ կիրառելու առիթ է հանդիսացել կառուցապատվող բազմաբնակարանային շենքի սպառման համակարգը ցանցին միացնելու պայմանագրով նախատեսված աշխատանքները ՙՀԷՑ՚ կողմից ժամանակին չկատարելը:
Ընկերությունն իր հերթին առարկել է իր գործունեության նման որակմանը և, համապատասխանաբար, իր նկատմամբ նշված տուգանքի կիրառմանը: ՙՀԷՑ՚ ՓԲԸ կարծիքով, ՙՄիկմետալ՚ ՓԲԸ և ՙՀԷՑ՚ ՓԲԸ միջև առկա է գույքային հարաբերությունների հնարավոր պայմանների վերաբերյալ քննարկում, որոնք անմիջականորեն ՀԾԿՀ իրավական ակտերի կարգավորման առարկա չեն:
ՀԾԿՀ որոշման մեջ նաև նշվում է ընդունված որոշումն ինչպես վարչական կարգով /ՀԾԿՀ-ում/, այնպես էլ դատական կարգով /ՀՀ Վարչական դատարանում/ բողոքարկելու ՙՀԷՑ՚ ՓԲԸ իրավունքի մասին: Ընկերության կողմից հիշյալ իրավունքի իրացման վերաբերյալ որոշում կընդունվի մոտ ժամանակներս: