Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը և վերջինիս պաշտոնական դիրքորոշումը կայանում է այն բանում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է զորքերի դուրս բերումից և ՙադրբեջանական տարածքներն ազատելուց՚ հետո: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան`մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Հայաստան այցը:
ՙԱյդ պատճառով մենք նորմալ ենք վերաբերում շփումներին: Ընդհակառակը, կարծում եմ, որ անհրաժեշտ է խոսել, փոխադարձ այցեր կատարել, միասին մտածել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ և ուսումնասիրել բոլոր կողմերի դիրքորոշումները՚,- նշել է նա:
Մուրադովայի խոսքով, կան մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ՙԴա միշտ նշում են միջնորդները, դիտորդները և վերլուծաբանները: Դրանց թվում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում թուրք-ադրբեջանական, թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունները: Իհարկե, նրանք, ովքեր թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման նպատակ են դրել իրենց առջև, միշտ պետք է հիշեն, որ դա կախված է ադրբեջանա-թուրքական և ադրբեջանա-հայկական հարաբերություններից՚,- նշել է նա: Մուրադովայի խոսքով, ղարաբաղյան հարցը ևս Հայաստան Դավութօղլուի այցի օրակարգում կլինի:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է: ՙՊետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լուծել օկուպացված հողերի խնդիրը: Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում կառուցողական չէ: Հայաստանը դեռ պատրաստ չէ հարցի լուծմանը: Խաղաղարար գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը հայկական կողմի մոտ քաղաքական կամքի բացակայությունն է՚,- ասել է նա: