Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումները շատ հազվադեպ են և տեղի են ունենում բացառապես տարածաշրջանի սահմաններից դուրս, ինչը ծախսատար է և բարդ` կազմակերպական առումով: Ավելին, հայ վերլուծաբանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Ադրբեջան մեկնել, գործնականում, չեն կարող: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙԱվելին, Լեռնային Ղարաբաղ այցելող մարդիկ, անկախ քաղաքացիությունից, հայտնվում են Բաքվի ՙսև ցուցակում՚, ինչի արդյունքում նրանք դրանից հետո չեն կարող Ադրբեջան մեկնել: Մինչդեռ, իմ կարծիքով, պետք է անել հակառակը` փակ հասարակություններին բնորոշ խելացնորությունից խուսափելու նպատակով: Ղարաբաղը հարկավոր է ոչ թե փակել, այլ` բացել, փորձելով աշխատել, խոսել ղարաբաղցիների հետ: Վերջ ի վերջո, Բաքուն Ղարաբաղն իրենն է համարում, սակայն Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ չեն կարող գնալ՚, - ընդգծել է նա: Այդ առնչությամբ քաղաքագետը Բաքվի քաղաքականությունը գնահատում է որպես ոչ այնքան հաջող PR:
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը կրճատել է ԼՂՀ այցելած անցանկալի անձանց ցուցակը: ՙՍև ցուցակից՚ հանվել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, ՙԱմերիկայի ձայնի՚ Մոսկվայի բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը, ինչպես նաև Ջոն Հոփքինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրը: Նրանք բոլորն ավելի վաղ դիմել էին Ադրբեջանի կառավարությանը և ՙզղջանք հայտնել պատահածի առնչությամբ՚:
Բաքուն բազմիցս անցանկալի անձ է հայտարարում օտարերկրացիներին, որոնք այցելում ենք 1994 թվականից իր վերահսկողությունից դուրս գտնվող ԼՂՀ: Վերջերս հրապարակված Ադրբեջանի ՙսև ցուցակը՚ ներառում է 300 հայտնի մարդկանց: Ադրբեջանի ԱՆ հայտարարել է, թե նրանց բոլորին դարձյալ կթույլատրվի մուտք գործել Ադրբեջան, ՙեթե նրանք ներողություն հայցեն և զղջան՚: