Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես հանրապետության բոլոր ողջամիտ քաղաքացիները, դատապարտում են ՙՆախախորհրդարան՚ կազմակերպության ներկայացուցիչների ավտոմեքենաների հրկիզման, ինչպես նաև կազմակերպության անդամներից մեկին ծեծի ենթարկելու միջադեպերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է '
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
ՙԱնձամբ ես դատապարտում եմ այդ միջադեպերը, անթույլատրելի երևույթ համարում դա, և որպես Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ`իրավապահ մարմիններից պահանջում եմ շուտափույթ միջոցներ ձեռնարկել սադրիչներին հայտնաբերելու և խստագույնս պատժելու ուղղությամբ՚,- հայտարարել է Սահակյանը:
Ըստ որում, մեկնաբանելով ՙՆախախորհրդարանի՚ անդամների հայտարարությունները, թե հրկիզումների կազմակերպիչները ռեժիմի ներկայացուցիչներն են, քանի որ կազմակերպությունը պահանջել ու պահանջում է իշխանափոխություն`Սահակյանը նշել է. ՙՄեր անկախության վերջին տարիների ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը խոսքի ազատությունն է, կոչ եմ անում կասկածի չենթարկել այդ ձեռքբերումը`հանուն մանր քաղաքական շահաբաժինների: Ինչ վերաբերում է նախօրեի միջադեպերին`կրկնում եմ, մենք խստորեն դատապարտում ենք գործողությունների նման մեթոդը: Մենք երբեք մեր հարցերն այդպիսի սադրանքներով չենք լուծել: Բացի այդ, ինձ ընդհանրապես հասկանալի չեն ՙՆախախորհրդարանի՚ անդամների նկատմամբ նման արմատական մոտեցումների շարժառիթները, քանի որ նրանք իրենց պայքարը ծավալել են քաղաքակիրթ, օրինական ճանապարհով՚,- ամփոփել է Սահակյանը:
Նշենք, որ նախօրեին հրկիզվել են ՙՆախախորհրդարանի՚ չորս անդամի ավտոմեքենաները, կազմակերպության ևս մեկ ներկայացուցիչ ծեծի է ենթարկվել: Կազմակերպությունը դրանում մեղադրել է կառավարող ռեժիմի ներկայացուցիչներին: Հասարակական որոշ կազմակերպություններ միջոցների հավաքագրում են նախաձեռնել`ՙՆախախորհրդարանի՚ տուժած անդամներին օգնելու նպատակով: