Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի երդմնակալությունը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Երդմնակալությանը մասնակցելուց հրաժարվել է ՙԲարև Երևան՚ դաշինքը, որը մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ստացել է 6 մանդատ: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցում են սեփական ցանկության համաձայն:
Ստանձնելով պաշտոնը` Մարգարյանը երդվել է ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի իր պարտականությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, աշխատել ի բարօրություն մայրաքաղաքի բնակիչների և ըստ ամենայնի ծառայել քաղաքի բարգավաճմանը:
Երդման հանդիսավոր արարողության ավարտին Երևանի պատվավոր քաղաքացի, Ավագանու խորհրդի անդամ Մարտին Վարդազարյանը քաղաքապետին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան:
ՀՀ նախագահն իր ելույթում նշել է, որ Ավագանու խորհրդի ընտրություններն անցել են բարեհաջող: Նա Երևանի բնակիչներին շնորհակալություն է հայտնել ՀՀԿ թեկնածուին հայտնած վստահության համար, հայտարարելով, որ այդ վստահությունը պայմանավորված է Տարոն Մարգարյանի անձնական հատկանիշներով, նրա աշխատասիրությամբ և պարզությամբ շփման մեջ:
ՙՄարգարյանն ու իր թիմը պետք է խորացնեն այդ հատկանիշները և նոր եռանդով ձեռնամուխ լինեն մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Ես կարծում եմ, որ Երևանում անլուծելի խնդիրներ չկան, կան ընդամենը դժվար լուծվող խնդիրներ, որոնք, սակայն, կարելի է լուծել համառ աշխատանքով և հետևողականությամբ՚, - ասել է նախագահը: Որպես պաշտոնավարման նախորդ շրջանում քաղաքապետի նվաճում Սարգսյանը նշել է մայրաքաղաքի բակերի բարեկարգումը: