ՙՀայ-ռուսական հասարակական միավորման՚ առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը և Հայաստանի կոբուդո մարտական կարատեի ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը հունվարի 10-ին հայտարարել են, որ չեն շարունակելու նախագահական մրցարշավը:
Նրանք իրենց որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, որ հայ հասարակությունը պատրաստ չէ արմատական փոփոխությունների: Որպես օրինակ սոցիալիստական գաղափարախոսության կողմնակից Ահարոնյանը նշել է, թե Հայաստանն իր քաղաքական վեկտորը պետք է ուղղի դեպի Ռուսաստան և վերստեղծի ԽՍՀՄ ժամանակների բարքերը, անտեսելով այն փաստը, որ ՌԴ-ում տիրում է կապիտալիզմ, իսկ ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանց այդ էլ գործընկերային են: Մարզիկ և կարատեիստ Տարոն Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, թե ինքն ունի նախագահական ընտրություններին մասնակցելու բոլոր հնարավորությունները` թե ֆինանսական միջոցներ, թե ՙոգի՚, սակայն բացակայում է հասարակական և քաղաքական աջակցությունը: Նրա ասելով, ինքն ակնկալում էր իշխանություններից վիրավորված բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը, որոնք իր հույսերը չարդարացրեցին` հրաժարվելով աջակցել իրեն:
Հիշեցնենք, որ նախօրեին նախագահական մրցարշավին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել էր ԲՀԿ անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը` դա պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով:
Մինչդեռ, այն դեպքում, երբ քիչ հայտնի երեք թեկնածուները հանձնեցին դիրքերը և ՙդադար՚ վերցրեցին մինչև հաջորդ նախագահական ընտրությունները, էպոսագիր Վարդան Սեդրակյանը, ով, ինչպես պարզվեց, իրականում ճարտարապետ շինարար է և ոչ մի բանասիրական կամ պատմական կրթություն չունի, շարունակում է հարձակումը Բաղրամյան 26-ի ուղղությամբ: Ընդ որում նա բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու է ձայների 81 տոկոսով և հայ հասարակությանն ու երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահներին խորհուրդ է տվել որպես նախընտրական ծրագիր կարդալ ՙՍասնա ծռեր՚ էպոսը: Հավակնոտ Սեդրակյանն ավելի վաղ նաև հայտարարել էր, թե Հայաստանի երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, փետրվարի 18-ից հետո կլինեն իր ավագ խորհրդականները: Արժե նաև նշել էպոսագրի բարձր մարտական ոգին, որն ուժ է ստանում հայկական էպոսից: Նա նաև հայտարարել է, թե ՀՀ նախագահի պաշտոնում անհապաղ կճանաչի Աբխազիան և Հարավային Օսիան և կնվաճի Թբիլիսին, որպեսզի Հայաստանը ցամաքային կապ ունենա Ռուսաստանի հետ:
Անհայտ թեկնածուների և նրանց անհեթեթ գաղափարների ցանկը սրանով չի սահմանափակվում. նախընտրական շոուին իր մասնակցությունը շարունակում են ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը` եթե, այնուամենայնիվ, կարողանան վճարել ընտրագրավը:
Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների ՙլրջությունն՚ ու նախընտրական ծրագրերի ՙվիթխարիությունը՚` մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր թեկնածուներին և, մասնավորապես, հայտնի թեկնածու-քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, կարողանան ներկայացնել հումորի տեսանկյունից մրցունակ նախընտրիական ծրագրեր և վարել աշխույժ քարոզարշավ` ԶԼՄ-ների լուսաբանման տեսանկունից: Քանզի գոնե մի փոքր հումոր ունեցող լրագրողի համար դժվար է անցնել այն թեկնածու կողքով, որը պատկերացում չունի Հայաստանի պետական ինստիտուտների և Սահմանադրության մասին: